Մայիսի 3-ին, Երևանում կայացել է «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագրի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներին նվիրված համաժողովը և ծրագրի պաշտոնական փակման արարողությունը: Ծրագրի եվրոպական գործընկերն էր օտարերկրյա ներդրումների և արտահանման զարգացման ֆրանսիական պետական գործակալությունը՝ «Բիզնես Ֆրանսը»: Հայկական կողմից ներգրավված են եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ, ծրագրի հայաստանյան ղեկավար Գարեգին Մելքոնյանը, Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ, համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, «Բիզնես Ֆրանս» ֆրանսիական պետական գործակալության գործադիր տնօրեն Կարոլին Լեբուշեն և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։ Բանախոսները կարևորել են Թվինինգ ծրագրի իրականացումը Հայաստանում և ընդգծել ծրագրի արդյունավետությունը։
Համաժողովին օտարերկրյա ներդրող ընկերությունների, Եվրամիության Հայաստանի գրասենյակի, այլ միջազգային կառույցների ու մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուները քննարկել են ներդրումային միջավայրը, հնարավորությունները, կառավարության աջակցության ծրագրերը:
Թվինինգ ծրագրի շրջանակում 16 ամսվա ընթացքում հայ մասնագետներին ներկայացվել է եվրոպական լավագույն փորձը. նախարարության և հիմնադրամի մասնագետներին եվրոպական 20 փորձագետներ փոխանցել են ներդրումների ներգրավման՝ «Բիզնես Ֆրանսի» կողմից ընդունելի արդյունավետ գործիքակազմը։ Շեշտը դրվել է դեպի Հայաստան ներդրումների խթանման, օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղ հիմնելու, նոր աշխատատեղերի ստեղծման ու տնտեսական զարգացման վրա։ Այս մոդելը կիրառում են աշխարհի առաջադեմ երկրների ներդրումների խթանման գործակալությունները։ Մասնավորապես.
- աշխատանքներ են տարվել ոլորտային ներդրումային ռազմավարության մշակման ուղղությամբ. այդ թվում՝ թիրախավորվել են ներդրումային ոլորտները, իրականացվել է համեմատական վերլուծություն այլ համադրելի երկրների հետ, SWOT վերլուծություն և այլն,
- նախապատրաստվել են Հայաստանի վերաբերյալ տեղեկատվական նյութեր,
- ստեղծվել է պոտենցիալ ներդրողների տվյալների շտեմարան,
- «Բիզնես Ֆրանսի» աջակցությամբ՝ ՀԶՀ-ի կողմից Ֆրանսիայում անցկացված Հայաստանի ներդրումային միջավայրի քարոզարշավի արդյունքում Հայաստանի զարգացման հիմնադրամը սերտ կապեր է հաստատել 136 ընկերության հետ, ի հայտ է եկել 9 նոր հնարավորություն և 11 ներդրումային նախագիծ:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանում արտաքին ներդրումների խթանման քաղաքականությունը զարգացնելու և օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելացման միջոցով տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման՝ կառավարության՝ ի դեմս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի Զարգացման Հիմնադրամի, քայլերին աջակցելու նպատակով: Ծրագրի բյուջեն կազմել է 810 000 եվրո, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է Եվրամիության կողմից։