Ապրիլի 30-ից մայիսի 1-ն Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Իրանի Կենտրոնական նահանգ (մայրաքաղաքը՝ Արաք), որտեղ հանդիպումներ ունեցավ նահանգապետ Մահմուդ Զամանի Ղոմիի, տնտեսական հարցերով փոխնահանգապետ Զաֆար Աֆշունի, քաղաքաշինության հարցերով փոխնահանգապետ Ազիզ Ֆիլիի, Արաք քաղաքի ղեկավարության, նահանգի արդյունաբերության, հանքերի և առևտրի պալատի ներկայացուցիչների և գործարարների հետ:
Նահանգապետի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Առանձին ուշադրության արժանացան տնտեսական և միջմարզային համագործակցությունը:
Դեսպան Թումանյանը նահանգապետին ներկայացրեց Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտում գործունեության ուղղությունները, ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության շրջանակներում հայկական կողմի մասնակցությանն առնչվող հարցեր:
Տնտեսական և քաղաքաշինության գծով փոխնահանգապետերի, Արաք քաղաքի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ դեսպան Թումանյանը ներկայացրեց երկկողմ տնտեսական, զբոսաշրջային, մշակութային, գիտակրթական և ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հայկական կողմի առաջարկությունները:
Դեսպան Թումանյանն այցելեց «Կենտրոնական նահանգի արդյունաբերական ավանների ընկերություն», որի տնօրենների խորհրդի նախագահ Մոսթաֆա Ամերեն ներկայացրեց հիշյալ ընկերության մեջ մտնող 2500 արդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը և ներդրումային պայմանների առավելությունները:
Առանձին հանդիպում տեղի ունեցավ գյուղատնտեսության և գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
Կենտրոնական նահանգի արդյունաբերության, հանքերի և առևտրի պալատում տեղի ունեցավ Իրանում Հայաստանի դեսպանի հանդիպումը նահանգի պաշտոնյաների և շուրջ 100 գործարարների հետ։ Դեսպան Թումանյանը գործարարներին հանգամանալից տեղեկատվություն ներկայացրեց Հայաստանի օրենսդրության, իրականացվող և առաջարկվող տնտեսական ծրագրերի, գործող առևտրային ռեժիմների, գործարար միջավայրի, ազատ տնտեսական գոտիների, զբոսաշրջության, ԵԱՏՄ-ԻԻՀ հարաբերությունների, Սև ծով-Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի և մի շարք այլ հարցերի մասին:
Կենտրոնական նահանգում ՀՀ դեսպանն այցելեց մի շարք ձեռնարկություններ, որոնց ղեկավարության հետ քննարկվեցին Հայաստանում համատեղ ծրագրեր իրականացնելու խնդիրները:
Դեսպան Թումանյանը եղավ Արաք քաղաքի պատմամշակութային հնավայր համարվող շուկայում, որտեղ մասնակցեց երիտասարդ արվեստագետների կազմակերպած նկարչական ցուցահանդեսին:
Արաքում Արտաշես Թումանյանը նաև այցելեց քաղաքի Սուրբ Մեսրոպ հայկական եկեղեցի և հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: