Այսօր առավոտյան` ժամը 4:00-ի սահմաններում, Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ և 1 տղա: Կարապետյանների ընտանիքը բնակվում է Մեծամոր քաղաքում. հայրը Վարդանը 24 տարեկան է, մայրը` Լուսինեն` 23: Կարապետյանների ընտանիքն ապրում է հանրակացարանում։
Ծնողները որոշել են արդեն երեխաների անունները` Աննա, Թեհմինե, Ռոզա, Լիլիթ և Արա:
Հավելենք, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանում բնական ճանապարհով հնգյակ է լույս աշխարհ գալիս:
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը մեծամորցիների Կարապետյանների ընտանիքին, որն այսօր հնգյակ է ունեցել, կհատկացնի 7.5 միլիոն դրամ՝ յուրաքանչյուրին՝ 1.5 միլիոնական դրամ:
7.5 մլն դրամից՝ 2,5 մլն դրամն ուղղակիորեն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլն-ը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ: