Կոռուպցիայի նոր հնարավորություն. Միհրան Պողոսյանից Տարոն Մարգարյանին անցած կառույցը չի վերահսկվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում այս անգամ չկա «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն, որը նախորդ տարի 278-րդն էր. այն ժամանակ այս ընկերությունը վճարել էր մոտ 85,6 մլն դրամ հարկ: Հատկանշականն այն է, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ը խոշոր հարկատուների ցանկից դուրս մնաց պետականացվելուց հետո, երբ բաժնեմասերն ամբողջությամբ «նվիրեց» Երեւանի քաղաքապետարանին: Խոշոր հարկատուների ցանկից դուրս մնալու պատճառն էլ ընկերության՝ հասույթի նվազումն է եղել:

Այժմ իրենք Երեւանի «կարմիր գծերի» համար մատուցած ծառայությունների դիմաց քաղաքապետարանից ստանում են կոնկրետ գումար, ինչը բավական քիչ է. «Նախկինում քաղաքապետարանում կայանատեղիից հավաքվում էր x միավոր, ընկերությունը դրանից ստանում էր y միավոր գումար, հիմա ստաբիլ ֆիքսված է, որ ընկերությունը ստանալու է z գումար»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը:

Միայն թե, նկատենք, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ի պետականացումից հետո Երեւանի քաղաքապետարանը կոռուպցիայի լրացուցիչ հնարավորություն է ստանում. բանն այն է, որ այլեւս քաղաքապետարանն է տնօրինում կայանելու համար վճարվող գումարներն ամբողջությամբ ու շատ հանգիստ կարող է մեքենաների մի մասից ստացված գումարը ցույց չտալ կամ իրենց յուրայիններին արտոնություններ տալ՝ անվճար կայանելու հնարավորություն ընձեռելով: Չէ՞ որ եթե նախկինում քաղաքապետարանը վերահսկում էր «Փարկինգ սիթի սերվիս»-ին, ապա հիմա Տարոն Մարգարյանի ղեկավարած հիմնարկն ինքն իրեն չի վերահսկի եւ ինքն իրեն նման շռայլություններ կարող է թույլ տալ: Այս փաստը հատկանշական է այն իրողության ֆոնին, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ը նախկինում պատկանում էր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, հիմա ամբողջությամբ դարձել է Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցինը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս