«168 ժամ» թերթը գրում է. «ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի առաջին օրը փոփոխության կենթարկվի Վեհաժողովի կանոնակարգը` աննախադեպ կերպով նախատեսելով հատուկ դրույթ Պեդրո Ագրամունտին Վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ: Կոռուպցիոն աղմկահարույց սկանդալներում ներգրավված, սուր ադրբեջանամետ և ռուսամետ դիրքորոշում ունեցող Ագրամունտին իմպիչմենտի ենթարկելու որոշումը ԵԽ ԽՎ-ում հասունացել էր վաղուց, սակայն այն հասել իր գագաթնակետին, երբ Ագրամունտը ռուսական պատվիրակության հետ մեկնել էր Սիրիա։
Հաշվի առնելով հանգամանքը, որ ԵԽ ԽՎ նախագահի քվոտան ներկայումս պատկանում է ԵԺԿ-ին, ԵԺԿ-ն նախագահի պաշտոնի համար կառաջադրի իր փոխնախագահներին, որոնք թվով վեցն են։ Ընտրության վերջնական փուլ, ինչպես ուկրաինացի պատվիրակ Գեորգի Լոգվինսկին էր տեղեկացրել, դուրս են եկել երկու թեկնածուներ՝ ինքը և Աքսել Ֆիշերը։ Սակայն Լոգվինսկին որոշում է կայացրել հանել իր թեկնածությունը գերմանացի ԵԺԿ պատգամավոր, Հայաստանի հարցով նախկին զեկուցող, ներկայումս Ուկրաինայի հարցով զեկուցող Ֆիշերի օգտին։
«168 ժամ»-ի թղթակից հետ զրույցում վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, ով նախկինում, որպես «Ժառանգություն» կուսակցության անդամ՝ շփումներ ունեցել է գերմանացի խորհրդարանական Ֆիշերի հետ, ասել է, որ ԵԽ ԽՎ նախագահի ցանկացած թեկնածուի զգայունակությունը Հայաստանի և հայաստանյան խնդիրների նկատմամբ պայմանավորված է լինելու նրանով, թե որքան ակտիվ է հայկական պատգամավորական կորպուսը միջազգային կառույցում։ Նույն կարծիքին է նաև ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը։
Նրա խոսքով՝ այդ պաշտոնում ցանկացած հավասարակշռված, չեզոք մարդ ձեռնտու է Հայաստանին, քանի որ պարզ է՝ քաղաքակիրթ մարդու վրա Ադրբեջանի նվերները և, որոշ դեպքերում՝ կաշառքը, չեն ազդի և փոխի իր ընդհանուր տեսակետները մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: