Ո՞վ է կանգնած Ծառուկյանին պատերազմ հայտարարած խմբի թիկունքում. նորից դաժան ապտակ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին բուռն իրադարձություններ տեղի ունեցան «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շուրջ. 23 պատգամավորի անունից դաշինքը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԿԸՀ, մինչդեռ անմիջապես դրանից հետո այդ ցանկում ներառված անձինք սկսեցին հերթով ԶԼՄ-ներին հայտնել, որ իրենք մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել:

Երեկ արդեն ԿԸՀ նիստի ընթացքում 12 հոգի նոր դիմում ներկայացրին, որով հայտնում էին, որ չեն հրաժարվում իրենց մանդատներից: Նիստից հետո հայտնի դարձավ, որ նրանցից ութի դիմումը բավարարվել է՝ կստանան մանդատները: Նրանք են՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան և Վահան Կարապետյան:

Այն, որ նախընտրական ցուցակներում ընդգրկվելով՝ ՀՀԿ-ում և ԲՀԿ-ում սովորություն ունեն միանգամից մանդատից հրաժարվելու դիմումներ նախապատրաստել, հայտնի է: Ըստ որոշ տեղեկությունների, թեկնածուները ստորագրում են դատարկ թղթերի տակ, որոնք անհրաժեշտության դեպքում լրացվում են մանդատից հրաժարվելու մասին դիմումի բովանդակությամբ: Սա նոր բան չէ, կիրառվել է նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ:

12 հոգի, փաստորեն, կազմակերպված ձևով դուրս եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս դա պատահեց: Ինչո՞ւ էին այդ մարդիկ առհասարակ հայտնվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, և ինչու նրանք ընտրվեցին ինքնաբացարկի համար: Եթե Ծառուկյանը չի ուզում, որ նրանք նոր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցությունում լինեն, ո՞վ է, որ այնուամենայնիվ ցանկացավ, որ նրանք լինեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս