Պուտինն ու Էրդողանը բոլոր հարցերում համաձայնության են եկել, բացի լոլիկներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել բոլոր հարցերում, բացի լոլիկներից: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ռուս լրագրողների հարցերին՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մեր այսօրվա հանդիպման ընթացքում, բացի լոլիկներից, մենք համաձայնության ենք եկել բոլոր հարցերում: Անկասկած, մենք ցանկանում ենք, որպեսզի թուրքական լոլիկները հայտնվեն ռուսական շուկայում. դրանք և՛ համեղ են, և՛ էժան: Սա մեր պատասխանն է մեր գործընկերներին»,-ասել է Էրդողանը:

Պուտինը, իր հերթին, նշել է, որ լոլիկները միակ ապրանքը չեն, որոնք հայտնվել են սահմանափակումների ներքո:

«Որոշ ժամանակ առաջ սահմանված սահմանափակումները հանվել են: Մենք համաձայնության ենք եկել սահմանափակումների հետ կապված բոլոր խնդիրների համակարգային լուծման շուրջ: Ելնելով այն բանից, որ ցանկացած սահմանափակում վնաս է հասցնում և՛ տնտեսությանը, և՛ արտադրողներին»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ լոլիկների սահմանափակումները չեն հանվի՝ կապված տեղական լոլիկների արտադրության երկարատև փուլի սկզբի հետ:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կայացել է մայիսի 3-ին Սոչիում ռուսական կողմի նախաձեռնությամբ:




Լրահոս