«Ծառուկյան» դաշինքը հայտնվել է աղմկահարույց սկանդալի կիզակետում: Ինչպես հայտնի է, երբ ԿԸՀ-ն հրապարակեց պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած թեկնածուների ցանկը, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից մի քանիսը հայտարարեցին, թե իրենք ինքնաբացարկի մասին դիմում չեն ներկայացրել, ապա նեկայանալով ԿԸՀ պահանջեցին չեղարկել իրենց անունից տրված գրությունը:
ArmLur.am-ն այս ամենի իրավական կողմի մասին զրուցեց իրավաբան, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի հետ:
–Պարո՛ն Զեյնալյան, իրավական առումով դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Ո՞վ է մեղավոր, նոտարը մեղք ունի, թե՞ թեկնածուներն են մեղավոր, որ չեն կարդացել:
-Այստեղ ո՛չ մեղավոր է նոտարը, և ո՛չ այնքան մեղավոր են պատգամավորության թեկնածուները: Այստեղ մեղավորը ԿԸՀՆ-ն է, որը բացարձակ ինքնուրույնություն չունի և օբեկտիվության և անկողմնակալության տեսակետից չի համապատասխանում անկախ մարմնի չափանիշներին: Այդ փաստաթուղթը տրվել է ամսի 14-ին՝, ավելի վաղ քան դիմում է ներկայացվել ԿԸՀ: Այսինքն այդ մարդիկ պատգամավորության թեկնածուի կարգավիճակ չեն ունեցել և, որպես այդպիսին «Ծառուկյան» դաշինքն գոյություն չի ունեցել:
Ուստի այդ փաստաթուղթը ստեղծման պահից իրավական ուժ չունի, բայց քանի որ ԿԸՀ-ը ինքնուրույն մարմին չէ և այդ մեխանիզմը, այդ սխեման մշտապես իշխանությունների կողմից օգտագործվել է ցուցակը կառավարելու համար, հետևաբար դա պետք է պահպանել: Այն ինչ ԿԸՀ-ն պետք է ուսումնասիրություններ, հետազոտություններ իրականացներ և ասեր, որ այս փաստաթղթերը իրավական ուժ չունեն: Ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքի ցուցակը կեղծիքներով է ներկայացվել, որը բավարար է ցուցակը անվավեր ճանաչելու համար:
-Խմբակցությունը կամ կուսակցությունը կարո՞ղ է պարտադրել թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել:
-Կարող են իրար հետ համաձայնության գալ, պայմանավորվածություններ ձեռք բերել, բայց պարտադրել չեն կարող, պետք է ամեն ինչ տեղի ունենա կամքի ազատ իրավունքի դրսևորմամբ: Նոտարն էլ պետք է անձին պետության անունից հարցնի՝ հասկանու՞մ ես ինչի տակ ես ստորագրում, ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ:
Լիդա Եղիազարյան