Սամվել Սանամյանը կրկին պաշտոն ստացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի ցուցակով վարկանիշային ընտրակարգով առաջադրված Սամվել Սանամյանը վերադարձել է նախկին պաշտոնին, նշանակվելով՝  Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ: Այս տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ մինչև խորհրդարանական ընտրությունները, նա այդ պաշտոնն էր զբաղեցնում, ապա նշանակվեց վարչապետի խորհրդական, դրանից էլ ազատվեց, նախօրեին էլ ինքնաբացարկ հայտնեց արդեն պատգամավորական մանդատից:

«Ժողովուրդ»-ն այսօրվա իր համարում գրել էր, որ  ընտրություններում Սանամյանը հսկայական գումարներ էլ ծախսել՝ պատգամավոր դառնալու, այդպես նաեւ ՀՀԿ-ին ձայներ բերելու համար: Մոտավոր հաշվարկներով միայն ընտրակաշառքի համար բաժանվել է մոտ 260 մլն դրամ: Երեկ  «Ժողովուրդ» օրաթերթը Սանամյանից հետաքրքվել էր, թե ինչու «ծախսատար» աշխատանքից հետո  հրաժարվեց իրեն ընձեռված բացառիկ հնարավորությունից:

«Ես չեմ ուզում ինտերվյու տամ, ես իմ ընտրողների կողքին եմ, իմ ընտրողների կողքին էլ մնալու եմ»,- հայտարարեց նա: Երբ հիշեցրինք մոտ 260 մլն դրամ ծախսելու մասին, նա ասաց. «Ես ոչ մի գումար չեմ ծախսել, ես իմ ընտրողների կողքին եմ, երեք հատ պատգամավոր մի քաղաքից շատ չի, հենա թող երկուսը գնան Ազգային ժողով, ես էլ իրենց կողքից կաշխատեմ, հաջողություն, բան չունեմ խոսելու»:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 3-ի իր համարում գրել էր, որ Սանամյանը կվերադառնա իր նախկին պաշտոնին:




Լրահոս