«Հայկական պատմամշակութային արժեքները Մերձավոր Սփյուռքում» թեմայով քննարկում ՀՀ սփյուռքի նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ին տեղի ունեցավ «Հայկական պատմամշակութային արժեքները Մերձավոր Սփյուռքում» թեմայով քննարկումը, որի գլխավոր բանախոսն էր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սամվել Կարապետյան ազգանունը ներկայացնելու կարիք չկա, քանի որ անկախացումից մի քանի տարի անց նա սկսեց իր ակտիվ գործունեությունը, ինչի արդյունքում մենք ճանաչեցինք և իմացանք աշխարհի տարբեր երկրներում և հատկապես մեր տարածաշրջանում գոյություն ունեցող հայկական պատմամշակութային հին ու նոր արժեքների մասին: Փոքր տարիքից հետաքրքրվելով հայկական հուշարձանների ծագումնաբանությամբ և ներկա վիճակով՝  Սամվել Կարապետյանն իր հայրենանվեր ու հետևողական գործունեությամբ կարողացավ ստեղծել հանրագիտարանային նշանակության աշխատություններ»։

Նախարարը կոչ արեց դահլիճում ներկա սփյուռքահայերին՝ մտածել, թե ով ինչպես կարող է օգտակար դառնալ իր բնակության երկրում գտնվող հայկական հուշարձանների պահպանության գործին: «Մենք հավաքել և մեկ գրքում ամբողջացրել ենք ամբողջ աշխարհում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանները և խաչքարերը, սակայն հարկ է, որ անձնագրավորվեն բոլոր հուշակոթողներն ու եկեղեցիները», – նշեց Սփյուռքի նախարարը:

Այնուհետև Սամվել Կարապետյանը ներկայացրեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ստեղծման պատմությունը, իրականացրած աշխատանքները, դրանց արդյունքում տպագրված գրքերը։

Խոսելով «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գրքի մասին՝ բանախոսը ներկաների ուշադրությունը հրավիրեց աշխատության քաղաքական նշանակության ու կարևորության վրա, ուր տեղ գտած նյութերը վերաբերում են 4-20-րդ դարերի 120 հուշարձաններին:

Հուշարձանագետը նշեց, որ գրքի լուսանկարների մեծ մասը ինքն է նկարել, մի մասը տիեզերքից են արվել, իսկ որոշ լուսանկարներ էլ օտարազգիներն են փոխանցել իրենց կազմակերպությանը:

Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ օտարազգի ուսումնասիրողներին  հետաքրքրում են Ադրբեջանի այսօրվա տարածքում գտնվող հայկական հուշարձանները: «Մի շոտլանդացի ուսումնասիրող 3 շաբաթվա վիզա ուներ, սակայն հնարավորություն չունեցավ աշխատել Նախիջևանում, քանի որ 3 օրից նրան հասկացրին, որ պետք է հեռանա: Հայկական հուշարձանները մեր անձնագրերն են, Ադրբեջանը վախենում է մեր անձնագրերից»,- նշեց Կարապետյանը:

Հուշարձանագետն անդրադարձավ նաև տարածաշրջանի մյուս երկրներում, Հնդկաստանում, Մերձավոր եւ Միջին Արևելքի երկրներում գտնվող հայկական հուշարձաններին:

Սամվել Կարապետյանը պատասխանեց ուսանողների, սփյուռքահայ մտավորականների հարցերին, որից հետո ներկաները դիտեցին հուշարձանների մասին պատմող հեղինակային ֆիլմը:




Լրահոս