«Ծառուկյան» դաշինքի վարկանիշային թեկնածու Խաչիկ Մանուկյանի դուստրն ահազանգում է, որ իրենց տունը դեռևս գտնվում է անհայտ անձանց կողմից շրջափակման մեջ:
Մանուկյանի դստեր խոսքով, այդ անձինք պարբերաբար տալիս են դռան զանգը և ուզում են տեսնել Խաչիկ Մանուկյանին։ «Մինչ այժմ շարունակվում է երեկվանից սկսված մեր տան շրջափակումը անհայտ անձանց կողմից։ Նրանք պարբերաբար տալիս են դռան զանգը և ուզում են տեսնել Խաչիկ Մանուկյանին։ Տեղեկանալով, որ նա տանը չէ պնդում են, որ տան անդամներից մեկը դուրս գա։ Մենք չենք պատրաստվում խոսել անհայտ նպատակներով տունը հսկող անձանց հետ», – հայտնում է նա:
ArmLur.am-ը փորձեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից պարզել, թե ինչ է արվել այս հաղորդումների հիման վրա: Լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները երեկ այցելել են Մանուկյանների տուն, սակայն վերջիններս հրաժարվել են հաղորդում տալ: Այլ մանրամասներ լրատվական ծառայությունից չտրամադրեցին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Խաչիկ Մանուկյանը դիմել էր ՀՀ ԿԸՀ` պահանջելով չեղյալ համարել ավելի վաղ իր անունից ներկայացված պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Դրանից հետո երեկոյան արդեն տեղեկություններ տարածվեցին, թե անհայտ անձինք գտնվում են Մանուկյանի տան մոտ` փնտրելով նրան: