Մայիսի 4-ին Լեհաստանի Կուրուվ քաղաքի Գժեգորժ Պիրամովիչի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Լեհաստանի Սահմանադրության 226-ամյակին և Լեհաստանի պատմության նշանավոր գործիչներից մեկի՝ հայկական արմատներով Գժեգորժ Պիրամովիչի հիշատակին:
Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով հրավիրված էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Արարողությանը մասնակցեցին Կուրուվի վույտ (համայնքի ղեկավար) Ստանիսլավ Վոյչիխը, տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ, հոգևորականներ, քաղաքի բազմաթիվ մտավորականներ, լրագրողներ և այլք:
Հանդիսության մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության պետական օրհներգներով, որից հետո դպրոցի փոխտնօրենն անդրադարձ կատարեց Լեհաստանի կյանքում հայերի ունեցած դերակատարությանն ու հայ-լեհական բարեկամական հարաբերություններին:
Իր ելույթում դեսպան Ղազարյանը, շնորհավորելով ներկաներին Լեհաստանի Ազգային տոնի` Սահմանադրության օրվա առթիվ, նշեց որ լեհ ժողովուրդը կարող է հպարտանալ, որ Եվրոպայում առաջինն ունեցավ իր սահմանադրությունը, իսկ հայերի համար հպարտություն է, որ հայ ժողովրդի մեծանուն զավակներից մեկը՝ Գժեգորժ Պիրամովիչը (Գրիգոր Փիրումյանը) մասնակից է եղել այդ պատմական փաստաթղթի մշակմանը:
Դեսպան Ղազարյանը նշեց նաև, որ 2017 թվականին Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը համընկնում է Լեհաստանի Կազիմիր Մեծ թագավորի կողմից Հայ Առաքելական եկեղեցուն տրված արտոնությունների 650-ամյակի հետ, ինչը վկայում է Լեհաստանի հայ համայնքի կազմակերպվածության և Լեհաստանին հայերի նվիրվածության բազմադարյա ավանդույթների մասին: Դեսպանի խոսքերով հայերը բազմաթիվ հնչեղ անուններ են թողել Լեհաստանի պատմության մեջ, որոնցից մեկն էլ Գժեգորժ Պիրամովիչն է:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո դպրոցի աշակերտները ներկայացրեցին մշակութային ծրագիր` նվիրված Լեհաստանի Սահմանադրության օրվան:
Տեղեկանք․ Բանաստեղծ, հոգևորական, Լեհաստանի բարձրագույն «Սպիտակ արծիվ» շքանշանի ասպետ Գժեգորժ Պիրամովիչը եղել է Լեհաստանի կրթության նախկին նախարարը, ինչպես նաև հանդիսանում է Լեհաստանի առաջին Սահմանադրության տեքստի համահեղինակը։