Արցախյան հիմնահարցն ուժի դիրքերից լուծելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման. Լևոն Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի մամուլի ասուլիսը, որին ներկա էին Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից

Մայիսյան եռատոնի նախաշեմին կազմակերպված մամուլի ասուլիսի մեկնարկին ողջունելով ներկաներին, բանակի հրամանատարը համառոտ ներկայացրել է պաշտպանության բանակի 25-ամյա պատմության կազմավորման և անցած մարտական ուղու փառավոր պատմությունը: Այնուհետև Լևոն Մնացականյանն անդրադարձել է նախորդ տարվա ապրիլին Արցախի Հանրապետության դեմ հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիային՝ նշելով, որ չնայած հակառակորդը գործողության մեջ էր դրել իր ողջ զինանոցը, պաշտպանության բանակին հաջողվել է տապալել ադրբեջանական կողմի բոլոր ծրագրերը, և ինչպես 1994թ. մայիսին, այնպես էլ 2016թ. ապրիլին Ադրբեջանը հարկադրված էր դիմել պաշտոնական Մոսկվայի միջնորդությանը՝ հրադադար հաստատելու խնդրանքով:

Իր խոսքում բանակի հրամնատարը նշել է նաև 2016թ. ապրիլից հետո առաջնագծում կատարված հսկայածավալ կահավորման, ինժեներա-ամրաշինական աշխատանքների և ներդրված նորագույն տեխնոլոգիաների մասին՝ վստահեցնելով, որ պաշտպանության բանակն այսուհետ ևս ի զօրու է պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը և ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը: Իսկ հակառակորդի՝ արցախյան հիմնահարցը ուժի դիրքերից լուծելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մոտ ապագայում պատերազմի վերսկսման հավանականությանը, բանակի նյութատեխնիկական ապահովմանը, նոր սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերմանը, առաջնագծում տեսադիտարկման սարքերի ներդրմանն ու դրանց շահագործմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:




Լրահոս