Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից 2015 թ. ապրիլ ամսին գործարկված «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականցվել է 1000-ից ավելի զանգեր։ Զանգերը գրանցվել են ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության մարզերից՝ մասնավորապես Լոռիից, Շիրակից և Արարատից։
Թեժ գծին դիմել են տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ հոգեբանական, դժվար տարիք կամ դեռահասության ճգնաժամ, ծնող-երեխա փոխհարաբերություններ, ընտանիքում բռնության, իրավաբանական, սոցիալական հարցերով և խնդիրներով։
Օգնության կարիք ունեցող անձիք ստացել են համապատասխան տեղեկատվություն դաշտում առկա երեխայի պաշտպանության ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության միջոցով։ Ինչպես նաև Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի և շահերի պաշտպանության գործընթացներում ներկայացնելու և լուծում տալու նպատակով հավաքագրվել և խմբավորվել է խնդիրները։
«Beeline-ը հատկապես կարևորում է այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային և տեխնոլոգիական լուծումների միջոցով օգնում են փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը: Իսկ Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից գործարկած թեժ գիժն երկար ժամանակ հաջողությամբ գործում է` արագ տեղեկատվություն տրամադրելու և արձագանքելու միջոցով առաջարկելով խնդիրների լուծումներ և դիմողներին տրամադրելով լիարժեք խորհրդատվություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Նման ծառայությունը տալիս է մեզ հնարավորություն ծանոթանալու ընտանիքների, և առհասարակ երեխաների խնդիրներին հենց հասցեատերերից: Թեժ գիծը ծառայում է երեխաների պաշտպանության հետ կապված խնդիրների հավաքագրման, և հետագայում հիմքեր հանդիսանում հիմնադրամի ծրագրերի շահերի պաշտպանության ռազմավարության մեջ դրանց ներառելուն: Իհարկե, այսօր հատկանշական է քաղաքացիական հասարակություն և տեղական բիզնեսի հետ համատեղ ջանքը, որն աջակցում է Հայաստանում երեխաների կյանքն ավելի լավը դարձնելուն», – ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ նախաձեռնության նպատակն է արագ տեղեկատվություն տրամադրելու և արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը: «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչև ժամը 17։30-ը։ Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։
Նշենք, որ Վստահության հեռախոսագիծը տրամադրվել է GSMA գլոբալ նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է երեխաների պաշտպանության համար հեռախոսագծերի տրամադրմանն աջակցելուն։ Beeline-ը ծրագրին միացել է 2014 թ. նոյեմբերի 20-ին, երբ ամբողջ աշխարհում նշվում էր ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի 25-ամյակը։