21-րդ դարասկզբին հայ գյուղացիների համար արդիական է «Եթե վարկ չունես, արդեն հարուստ ես» դառը միտքը:Պարզվում է` նախկին վարչապետ լինում է, նախկին բանկիր` ոչ: Այս մտքին հանգեցինք վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռուստատեսային ասուլիս-մենախոսությունից հետո: Ինչի մասին խոսեցին, ինչ հարց բարձրացրին, իմաստուն եւ հնարագետ վարչապետը խորհուրդ տվեց վարկ վերցնել: Ո՞նց էլ գլխի չէինք ընկել այդքան պարզ բանը:Իսկ տեղյա՞կ է պարոն վարչապետը, որ մարդիկ այլեւս վարկ վերցնելու հնար չունեն: Արդեն ճռռում են բոլոր տեսակի վարկերի տակ. ԱԳԲԱ Կրեդիտ Ագրիկոլ, «Արեգակ», «Ֆինքա», վերջերս էլ ավելացել է «Հազարամյակի մարտահրավերներ» վարկային ծրագիրը: Այսինքն` մարդիկ հնարավոր ու անհնարին ամեն ինչ, ունեցած-չունեցածը գրավ են դրել առձեռն փողի դիմաց: Գրավի տակ են գյուղացիների սեփականաշնորհված հողերը, տնամերձ հողամասերը, տները: Դեպքեր գիտենք, երբ վարկային գումարը մեծ է եղել, եւ մարդիկ գրավադրել են ոչ միայն սեփական, այլեւ ազգականի, ասենք` քեռու տունը` դրանից բխող բոլոր վտանգավոր հետեւանքներով: Վախենալով ու խուսափելով այս բեռան տակ են մտնում, քանի որ մարզերի սեփական տների արժեքը բանկերը շատ ցածր են գնահատում` 10-15 հազար դոլար: Չենք կարող ասել, թե ինչպես է քաղաքակիրթ աշխարհում, բայց հայկական գյուղում սոցիալապես անապահով խավն է վարկ վերցնում. անճարությունից, առձեռն փողի պակասից:Չէ՞ որ գումար է պետք գարնան վարուցանքի, սերմացուի, պարարտանյութի համար: Ոչ մեկը պարտքով փող չի տալիս, պետությունն էլ արդեն քանի տարի է` սուբսիդիաներ չի տրամադրում: Գյուղացիներից ոմանք երբեմն դրամ են խնդրում արտասահմանում ապրող ազգականներից, սակայն կամաց-կամաց նրանք էլ չեն ուղարկում, քանի որ համոզվել են, որ «հողի մեջ դրված փողը կորած է»: Ուրիշ ինչ մտածեն, եթե կես հեկտար լոբի ցանողը հազիվ վարուցանքի արժեքն է հանում:Եթե մյուս, հայտնի առեւտրային բանկերի անունները շատ չեն հոլովվում, ապա դրա պատճառն այն չէ, որ դրանք ցածր տոկոսադրույքներ ունեն: Ուղղակի այդ բանկերն իբրեւ գրավ չեն ընդունում մարզերում գտնվող տներն ու հողերը, քանի որ դրանք բարձր շուկայական արժեք չունեն, եւ վարկի չվճարման դեպքում բանկերը չեն կարող շահավետ վաճառել: Գյուղերում ամենատարածված վարկատեսակը ոսկու գրավադրումն է` հեշտ ու էժան: Առանց թղթատարության, մի քանի ժամվա ընթացքում տան հարսի ոսկեղենը գրավ են դնում` աշնանը հանելու մտադրությամբ ու մոռանում: Աշնանն էլ հաշվում են «ճտերը» ու տեսնում, որ փող չունեն, ստիպված ամեն վեց ամիսը մեկ գրավը փոխում են ընտանիքի մեկ այլ անդամի անունով: Այդպես տարիներ են գլորվում: Կամ էլ Նոր տարվա շեմին ոսկեղենը հանում են բանկից, «ծիկ անում», որ չմոռանան` ինչ ունեն, եւ վաղ գարնանը նորից գրավադրում:Այս տխուր թեման գյուղերում զավեշտալի խոսքուզրույցի անվերջ նյութ է.-Քո ոսկեղենն էլ է՞ բանկ դրած:-Կարո՞ղ է ես վերին արտի ցորեն եմ:Չունեցողն էլ նախանձում է ունեցողին, թեեւ հաճախ են լսում` «որ ունե՞մ ինչ, վրես ոսկեղեն տեսած կա՞ք»:Գյուղի հարսները երբեմն նաեւ բողոքում են իրենց ամուսիններին. «Գոնե կալցոս հանե՛ք, դնեմ, իմանան` ամուսնացած կին եմ»: Մինչդեռ ամուսիններն այդպիսի մանր-մունր բանի համար ո՛չ հավես, ո՛չ էլ, առավել եւս, փող ունեն:Ժողովրդական խոսքն ասում է. «Պարտք ունեցողը ե՛ւ ուտում է, ե՛ւ քնում, սակայն չի կարողանում հանգստանալ»: ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՐՍՆԵՐԻ ՈՍԿԵՂԵՆԸ` ԳՐԱՎԻ ՏԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ