Զիգմունդ Ֆրոյդ (գերմ.՝ Sigmund Freud, իսկական անունը՝ Սիգիզմունդ Շլոմո մայիսի 6, 1856 Պրժիբոր – սեպտեմբերի 23, 1939, Լոնդոն, ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան, հոգեվերլուծության հիմնադիրը։ Ծնվել է 1856 թվականի մայիսի 6-ին ավստրո-հունգարական փոքրիկ Ֆրայբերգ քաղաքում (այժմ՝ Պրիշբոր՝ ժամանակակից Չեխիայի տարածքում)։ Երբ նա չորս տարեկան էր, նրա ընտանիքը ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվում է Վիենա։
Ֆրոյդը մշտապես ապրում էր Վիեննայում, իսկ 1938 թվականին՝ մահից մի տարի առաջ արտագաղթում է Անգլիա։ Դեռ գիմնազիայում Ֆրոյդը տարվում է բնական գիտություններով և արդյունքում, 1873 թվին ընդունվում է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ 19-րդ դարի 80-ական թվականներին Ֆրոյդը աշխատել է գործնական բժշկության ոլորտում, ապա 1897-1920 թվականներին մշակել է հոգեվերլուծության տեսությունը։ Նրա առաջին լուրջ գիտական աշխատություններից մեկը հրատարակվել է 1895 թվականին (Ի. Բրոյերի հետ համատեղ)։ Այդ աշխատությունը վերաբերում էր հիստերիայի առաջացման և հիպնոսի միջոցով դրա բուժման հնարավորության խնդրին։ Հետագայում Ֆրոյդը հրաժարվեց հիպնոսի կիրառումից և ստեղծեց հոգեվերլուծության միջոցով հիվանդներին բուժելու մեկ այլ եղանակ, որը հիմնված էր ազատ զուգորդումների, երազների, հիվանդների սխալ գործողությունների մեկնաբանման վրա։