«Բանտից կալանավորները թալանում են ՀՀ քաղաքացիներին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, անդրադառնալով մեր այն հրապարակմանը, որ ընտրություններից առաջ քաղաքական հրահանգի արդյունքում հայաստանյան մի շարք կալանավայրերից քրեական տարրերի են ազատ արձակել, ասաց. «Նախորդ տարվա համեմատ էական թվային, հիմքային տարբերություններ չկան, ուղղակի ենթադրություն է, կարծում ենք, որ ենթադրությունը որեւէ հիմք չունի, վիճակագրությունն էապես չի տարբերվում, իսկ տարբերությունը բարեփոխումների արդյունք է»:

-Պարո’ն Քրմոյան, այսինքն` ընտրություններից առաջ քրեական տարրերի տարբեր պատճառաբանություններով ազատ չե՞ք արձակել,- հետաքրքրվեցինք Սուրեն Քրմոյանից:

-Հայտնում եմ՝ քրեական պատիժների կատարման համակարգը գործում է հստակ օրենքի շրջանակներում, վիճակագրության որեւէ էական տարբերություն չկա, ավելին ասեմ, որ մենք ակնկալում ենք տարեցտարի պայմանական վաղակետ ազատման կամ այլ հիմքերով, նվազեցնելու ենք ՔԿՀ-ներում գտնվող անձանց թիվը՝ թե՛ դատապարտյալների, թե՛ կալանավորված անձանց:

-Քաղաքական հրահանգ չի՞ եղել նախարարությանը:

-Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ իրավասությունների շրջանակներում այդ մասով խնդիր չկա:

Քրեակատարողական հիմնարկներում սարսափելի երեւույթներ կան, անգամ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ ուշադրություն հրավիրեց ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալների կամ կալանավորների կողմից հափշտակությունների դեպքերի վրա: Դատապարտյալ կա, որ ՔԿՀ-ից մոտ 500 քաղաքացու գույք է հափշտակել: Մարդկանց բանտից զանգահարում, խաբում են, ունեցվածք են հափշտակում, սակայն որպես պատիժ ընդամենը երկարաձգվում է ազատազրկվածի կալանքի ժամկետը, իսկ ՀՀ տուժած քաղաքացիները մնում են անօգնական: Ի՞նչ եք անում Դուք այս ուղղությամբ:

-Լուծվում են, սահմանափակվում են կապի միջոցները, միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի հնարավոր չլինի այդ կապի միջոցները ներս տանել եւ փուլային սկզբունքով, Դուք կտեսնեք, որեւէ հասանելիություն չեն ունենա, եւ խարդախության դեպքեր չեն գրանցվի, մենք բոլոր բացահայտված դեպքերից դասեր քաղել ենք: Խստացվում է մուտքի հսկողությունը:

-Միայն ասելով եք խստացնում, կոնկրետ ի՞նչ եք անում:

-Օրինակ՝ լրացուցիչ սարքեր են ձեռքբերվում, որը հնարավորություն է տալիս ավելի մանրակրկիտ զննություն կատարել, լավացնում ենք քրեակատարողական հիմնարկի սնունդը, որ փուլ առ փուլ նվազագույնի հասցնենք, որպես հանձնունք բերվող սնունդի միջոցով այլ իրեր ներս չտարվեն:

-Բայց հայտնի է, որ կալանավայրերի աշխատակիցների օգնությամբ են հեռախոսները ներս մտնում: Ինչո՞ւ Ձեր աշխատակիցներին քրեական պատասխանատվության չեք կանչում:

-Խնդրում եմ՝ վիճակագրությունը նայեք, թե ինչքան մարդիկ են ազատվել:

– Իսկ Դուք թիվ չեք կարո՞ղ ներկայացնել:

-Քրեակատարողական ծառայության կայքում կա, թե ինչքան մարդ է ազատվել:

-Հենց այս ամենի արդյունքո՞ւմ:

-Այո, եւ այս: Ավելին ասեմ, որ մենք փոփոխություններ ենք իրականացնելու «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում, նախկինում այդ հնարավորությունը չկար: Այսուհետ քրեակատարողական ծառայությունը, բացի նրանից, որ կազատի, նաեւ ֆինանսական պատասխանատվության միջոցներ կկիրառի արգելված իրեր, առարկաներ ՔԿՀ-ներ բերելու համար, լինի դա ծառայող, լինի դա անձի հարազատ: Բացի պատասխանատվության այլ միջոցներից` կարգապահական եւ քրեական, կլինի նաեւ վարչական: Ըստ այդմ, դասեր ենք քաղել եւ նոր գործիքակազմ ենք ավելացնում:

-ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով եւ նախարարության կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը: Այս համատեքստում մեկ հարց. արդյո՞ք կառավարության քաղաքականություն է լրագրողներին ծեծելը, տեսախցիկները կոտրելն ու չփոխատուցելը:

-Եթե Դուք մասնավորապես լրագրողների պաշտպանության մասով օրենսդրական բացեր եք տեսնում, քննարկենք: Կառավարության քաղաքականությունն է բոլոր դեպքերում ամրագրված, եթե քրեական օրենսգրքում նախատեսված հանցակազմ պետք է պատասխանատվության ենթարկվի, մենք օրենսդրությունը այդ տրամաբանությունից ելնելով ենք արել: Կարծում եմ, որ իրավապահ մարմինները նույնպես հետեւողականորեն կիրականացնեն այդ գործերի քննությունը եւ պատասխանատվություն կկիրառեն: Այստեղ կառավարության գործառույթի մասին խոսք լինել չի կարող: Այստեղ խոսքը գնում է օրենքով ամրագրված պատասխանատվության անշեղ կիրառումը իրավապահ համակարգի կողմից, կարծում եմ, որ այդ հարցադրումը պետք է արվի իրավապահ համակարգին:

Հ.Գ. Պարոն Քրմոյանի խորհրդով ՔԿՎ պաշտոնական կայքից տեղեկացանք, որ 2016թ. ընթացքում իրականացվել է թվով 231 ծառայողական քննություն, որից 44-ը՝ ՆԱԲ-ի կողմից, 187-ը՝ ՔԿՀ-Ի: Անցկացված ծառայողական քննությունների եւ ուսումնասիրությունների արդյունքում 155 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, նկատողություն՝ 02 անձ, խիստ նկատողություն` 43, պաշտոնի իջեցում` 2, ծառայությունից ազատում` 8 անձ: 6 ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, դադարեցվել են 9 ծառայողների լիազորությունները: Բայց փաստը մնում է փաստ, որ բանտից կալանավորները թալանում են ՀՀ քաղաքացիներին:

Քնար Մանուկյան




Լրահոս