ՀՀ պաշտպանության նախարարությանը խաբելու գործընթացը շարունակվում է, եւ նախարարությունը հիմա ընկել է դատարանի դռները, որպեսզի կարողանա հետ վերադարձնել իրենից հափշտակած գումարները:
«ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ «Դանինի» ՍՊԸ-ից բռնագանձվի շուրջ 51 միլիոն դրամ:
Դեռեւս 2013 թվականին հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ «Դանինի» ՍՊԸ-ն փոխկապակցված է «Ավան» ունիվերսամի հետ, իսկ ահա «Ավան» ունիվերսամը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեփականությունն է: Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պատկանող ընկերությունը ՀՀ ՊՆ-ի «պասով» մեր զինվորների հաշվին գումար է աշխատել:
Հավելենք, որ դեռ 2012-ին, երբ բացահայտվեց ՊՆ-ին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու սկանդալային փաստը, ՀՀ կառավարությունը հրապարակեց այն ընկերությունների անունները, որոնք գոմեշի միս են ներկրում Հայաստան: Դրանց թվում էր նաեւ «Ավան» ունիվերսամը՝ դարձյալ Տարոն Մարգարյանը:
Եւ այսքան ձեռքբերումներից հետո հիմա «Դանինի» ՍՊԸ-ն սնանկացման ճանապարհին է, սկսվել է ընկերության լուծարման գործընթացը: Այսինքն՝ ՀՀ պետական մրցույթների առյուծի բաժինը շահած ընկերությունը պետության հանդեպ պարտավորությունները չմարելու համար սնանկացել է:
Ու հիմա ՀՀ պաշտպանության նախարարությունը ստիպված է 51 մլն դրամ գումարը ստանալու համար դատարան մտնել սնանկ ընկերության՝ «Դանինի» ՍՊԸ-ի դեմ:
Իսկ մենք 1 տարուց ավել է՝ քննարկում ենք, թե ինչու է անորակ դիզվառելիք եղել զինտեխնիկայի մեջ, ինչու զինվորները փամփուշտ չունեին եւ այլն: Էլ որտեղի՞ց ունենան, եթե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նմանները, որ բանակում անգամ չեն ծառայել, ՊՆ-ին անուղղակի կերպով «թալանում են»:
Քնար Մանուկյան