Վարդան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, 2014 թվականի հուլիսի 11-ից մինչեւ 2016թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված գումարտակի հրամանատարական դիտակետի անձնակազմին հատկացված դիզելային վառելիքի մետաղյա տարայից ռետինե խողովակի միջոցով քաշելու եւ 20 լիտր տարողությամբ 2 հատ պլաստմասե տարաների մեջ լցնելու եղանակով պարբերաբար գողացել է դիզելային վառելիք:
Նույն զորամասի ժամկետային զինծառայող Գեւորգ Արշակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվար ամսին՝ քննությամբ չպարզված օրը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ զորամասի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի աջ բաքից ռետինե խողովակի միջոցով քաշելու եղանակով գողացել է 20 լիտր բենզին, վաճառելու համար տվել է պայմանագրային զինծառայող Մհեր Շահնազարյանին եւ մի քանի օր հետո դրա դիմաց նրանից ստացել է 6 հազար դրամ:
Մ. Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի բաքից Գ. Արշակյանի կողմից հափշտակված բենզինը իր կողմից շահագործվող ավտոմեքենայով տեղափոխել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ, որտեղ այն իրացրել է: Վ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 9 դրվագով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ 2 դրվագով: Գ. Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 9 դրվագով եւ 177 հոդվածի 2-ր մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ 2 դրվագով:
Մ. Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասով: 3 ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Այդ գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված է վաղը՝ մայիսի 4-ին: Ուշագրավ է, որ սահմանագծում մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարական դիտակետից, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայից վառելիքի գողություններ են կատարվել, սակայն հրամանատարները դա չեն նկատել: Մեղադրյալի աթոռին շարքային զինծառայողներ են, իսկ նրանց հրամանատարները կատարվածում մեղավո՞ր չեն:
Ոսկան Սարգսյան
Տավուշ