Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում շինարարության ոլորտում կրկին անկում է գրանցվել, եւ, ըստ ամենայնի, նվազման միտումը դեռ տեւական ժամանակ կշարունակվի:
Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում շինարարության ծավալները այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 13.6 տոկոսով նվազել են. իրականացվել է 35 մլրդ 772 մլն 600 հազար դրամի շինարարություն: Մասնավորապես պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 26.6 տոկոսով: Այսինքն՝ այս տարվա առաջին եռամսյակում պետական միջոցներով իրականացվել է 2 մլրդ 747 մլն 700 հազար դրամի շինարարություն: Փոխարենը համայնքների միջոցներով իրականացվող շինարարության ծավալներն են աճել` 59.8 տոկոսով: Ի դեպ, համայնքների միջոցներով իրականացված շինարարությունը կազմել է 630 մլն 800 հազար դրամ:
Միջազգային վարկերով իրականացված շինարարությունը կազմել է 4 մլրդ 110 մլն 900 հազար դրամ: Բայց միջազգային վարկերով իրականցված շինարարության ծավալները նվազել են 65.6 տոկոսով: Այս տարվա առաջին եռամսյակում Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվել է 838 մլն 900 հազար դրամի շինարարություն: Ըստ ԱՎԾ-ի` համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները 34.5 տոկոսով նվազել են:
Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել են` 83.7 տոկոսով. այս դեպքում իրականացվել է 10.5 մլն դրամի շինարարություն: Կազմակերպությունների միջոցներով իրականացված շինարարության ծավալները ավելացել են` 21.3 տոկոսով, որն էլ կազմել է 20 մլրդ 156 մլն 400 հազար դրամ: Իսկ ահա օտարերկրյա ներդրողների միջոցներով իրականացվել է 2 մլրդ 268 մլն 800 հազար դրամի շինարարություն, եւ ծավալները աճել են 70.8 տոկոսով: Միաժամանակ նկատենք, որ բնակչության միջոցներով իրականացվել է 8 մլրդ 17 մլն 900 հազար դրամի շինարարություն, իսկ ծավալները 5 տոկոով նվազել են:
Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով տարեցտարի նվազող շինարարության ծավալներին, հայտարարեց, որ պատվեր չկա: «Շինարարությունը պետք է ունենա պատվեր: Կա պատվեր, կաճի շինարարության ծավալը, չկա, չի աճի: Ներդրումներ է պետք ներգրավել, անհրաժեշտություն կա արդյո՞ք կառուցելու, թե՞ ոչ, իսկ շինարարության պատվերները դրանից է առաջանում»,- ներկայացրեց մասնագետը:
Որոշ փորձագետների պնդմամբ` շինարարության ծավալների անկումը պայմանավորված է նաեւ մշտական բնակչության թվաքանակի նվազումով: Սակայն ՀՀ շինարարների միության նախագահ Գալստյանը այս հարցի շուրջ չշտապեց կարծիք հայտնել` նշելով. «Նախ պետք է ունենանք տվյալներ, հիմքեր՝ նման կարծիք հայտնելու, հայտարարություն անելու: Ես ինքս չունեմ ուսումնասիրություններ: Ինչ որ չափով փորձում ենք պատկերացնել, թե ինչպես կաճի կամ կաճի, թե ոչ: Համբերատար սպասում ենք, որ մոտ ժամանականերս կաճի: Քանի որ բավականին պետական քայլեր են արվել, միջոցառումներ են անցկացվում, պետության կողմից նախադրյալներ են ստեղծվում` այդ ոլորտին հնարավորինս աջակցելու, այն զարգացնելու համար: Մենք էլ համբերատար սպասում ենք այդ արդյունքներին»:
Հավելենք, որ շինարարության ծավալների նվազման հետ մեկտեղ այս ոլորտում կիրառվող անհրաժեշտ շինանյութը` ցեմենտը, քիչ է արտադրվում: Օրինակ՝ այս տարվա առաջին եռամսյակում ցեմենտի արտադրության ծավալները նվազել են 40.2 տոկոսով: Իսկ տուֆի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում պակասել են 19.3 տոկոսով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ