ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը սեպտեմբերին կայցելի Հայաստան: «Արմենպրես»ի հաղորդմամբ` այդ մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։ «Սեպտեմբերին Հայաստան է նախատեսում այցելել կոնգրեսականների պատվիրակություն, և եթե իմ ընտրատարածքում որևէ կարևոր բան տեղի չունենա, որը կպահանջեր իմ ներկայությունը, հույս ունեմ՝ կայցելեմ Հայաստան այդ շրջանում», ասել է նա և հավելել, որ երբ Հայաստան էր մեկնել նախագահական պատվիրակության կազմում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իրեն բոլորն ընդունում էին գրկաբաց:
«Ես ինձ զգում էի ինչպես հարազատ ընտանիքում», ընդգծել է նա: Կոնգրեսականը խոսել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին, նշել, որ դեռ Կոնգրեսում հաջողության չեն հասցրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը: «Այդ գործը դեռևս անավարտ է, և ես հանգիստ չեմ ունենա` մինչև մեր երկիրը չճանաչի այդ, որովհետև պատմության առումով մենք գիտենք, որ երբ որևէ բան ճանաչված չէ, նշանակում է՝ այն ուղղակի գոյություն չունի: Իսկ դա անընդունելի է: Կարծում եմ՝ մեր երկիրը բավականին հզոր է, որ դիմակայի, այսպես կոչված, հսկայական ընդդիմությանը, որն իրականում այնքան էլ հսկայական չէ», -ասել է Էշուն: