Եթե մեկը մասոններին քարտ-բլանշ է տվել, ապա այդ մեկը Սերժ Սարգսյանն է. Գուրգեն Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օրերս բացվել է մասոնական նոր օթյակ: Այդ նպատակով Երեւան էր ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը: Վերջինս հանդիպել է նաեւ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

Ինչպես հայտնի է՝ մասոների նկատմամբ մեր հասարակությունը ոչ միանշանակ վերաբերմունք ունի: Դեռեւս տարիներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ այդ կազմակերպության անդամ է համարվում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն առաջին նախագահի թիմակիցներն էլ հայտարարում էին, որ դա սուտ է, եւ այդպիսի ապատեղեկատվությունը շրջանառության մեջ է դրվում Վազգեն Մանուկյանի թեթեւ ձեռքով: Ինչեւէ:


«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանից փորձել է պարզել, թե ինչո՞վ է Հայաստանը հետաքրքրել մասոններին:

-Պարո՛ն Եղիազարյան, Հայաստանում բացվել է «Մեծ Արեւելքի» մասոնական օթյակ: Ինչո՞ւ են մասոնները որոշել գնալ այդ քայլին, ինչպե՞ս կպարզաբանեք նրանց գործունեության ծավալումը Հայաստանում:

-Դե, մասոնները աշխարհով մեկ տարածված են, տարբեր մասերում նրանք ունեն օջախներ, հայտնի է, որ ամեն մեկ րոպեն մասոններին բերում է մոտ մեկ միլիոն դոլար եկամուտ: Նրանք հայտնի են իրենց գործունեությամբ, նաեւ բարեգործական ծրագրեր են իրականացնում: Բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք անցալ դարի սկզբին մասոնների հետ ունեինք շատ վատ պատմություն: Հայտնի է, որ երիտթուրքերը ծնունդն էին մասոնական հատվածի: Այդ պատմական փաստը մեծագույն դժբախտություն էր մեր՝ հայ ազգի գլխին: Երիտթուրքերի պարագլուխները «Մեծ Արեւելքի» մասոնական խմբերից էին:

-Ովքե՞ր պետք է մեր պետությունում հետեւեն նրանց գործունեությանը:

-Դա լեգալ կազմակերպություն է, առանց պետության մասնակցության դա չի լինում: Միանշանակ դրանք եկել են իշխանության թույլատվությունը ստանալուց հետո, այնպես որ մասոնների մասին մտածմունքները… հիշո՞ւմ եք՝ 2008 թվականին ինչպես էին հորջորջում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասոնական շարժման ղեկավար է, հետո պարզվեց՝ այդպես չէ: Հիմա էլ առաջիկայում կերեւա, թե ովքեր են նրանց բարիկադները Հայաստանում: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկությամբ լիներ, մասոնները միանշանակ չէին մտնի Հայաստան:

-Իսկ ինչո՞ւ են նրանք նախընտրել Հայաստանը, ինչո՞վ է մեր երկիրը նրանց գրավել:

-Հայաստանը գտնվում է շատ հանգուցային դիրքում: Այստեղ խաչվում են շատ աշխարհաքաղաքական ուղիներ:

-Ասում եք՝ իշխանության թույլտվությամբ են եկել Հայաստան, կոնկրետ ու՞մ:

-Եթե մեկը հրավիրել է մասոններին, քարտ-բլանշ է տվել, ապա այդ մեկը Սերժ Սարգսյանն է, ուրիշ ոչ մեկը:

-Վտանգավո՞ր չէ մասոնների ակտիվացումը Հայաստանում, ամեն դեպքում՝ հասարակության կողմից վախի զգացում կա:

-Վտանգի մասին բան ասել չեմ կարող, բայց մասոնները, իմ կարծիքով, պետք է մեղա գային այն մասոնների անունից, ովքեր սանձազերծեցին Մեծ Եղեռնը, ինչը մինչ օրս ոչ մեկը չի կատարել:

զրուցեց Վահագն Հակոբյանը




Լրահոս