Ուսումնասիրություններ կատարող ընկերությունը հանվել է վաճառքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանել իր ենթակայության տակ գտնվող «Գեոէկոնոմիկա» ընկերությունը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ աճուրդը տեղի կունենա մայիսի 29-ին: Ի դեպ, ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը կմասնավորեցվեն դասական աճուրդով: Նշենք, որ ընկերության բաժնետոմսերի քանակը կազմում է 200 հատ, իսկ մեկ բաժնետոմսի արժեքը կազմում է 10 հազար դրամ: Ընկերության բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 3 մլն 977 հազար 900 դրամ: Հավելենք, որ ներկայումս ընկերությունը գործունեություն է ծավալում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերության կրեդիտորական պարտքերը գնումների գծով կազմում են 224 հազար 500 դրամ: Իսկ կրեդիտորական պարտքերը աշխատավարձի եւ աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 4 մլն 502 հազար 500 դրամ:

«Գեոէկոնոմիկա» ընկերությունը իրականացնում է գիտահետազոտական, գիտագործնական եւ նախագծային, այդ թվում` օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրություններ: Ընկերության ակտիվների գնահատված արժեքը կազմել է ավելի քան 65 մլն դրամ, իսկ պարտավորությունների գնահատված արժեքը` ավելի քան 61 մլն դրամ: Ընկերությունն ունի ցուցակային գրանցված 22 եւ փաստացի 15 աշխատող: «Գեոէկոնոմիկա» ընկերության մասնավորեցման արդյունքում նախատեսվում է պետական եւ ՏԻՄ բյուջեներում եկամուտների ավելացում: Ի դեպ, ընկերության գույքի գումարի 70 տոկոսը պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ Երեւանի քաղաքապետարան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս