Ծաղկաշատ համայնքի ճանապարհները` անբարեկարգ ու ոչ անցանելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքում հիմնական խնդիրը ճանապարհների անբարեկարգ ու ոչ անցանելի վիճակն է: Գյուղը գտնվում է Ալավերդի քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ անտառների մեջ:

Ծաղկաշատի գյուղապետ Սամվել Թանդիլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ժամանակին գյուղի ճանապարհները ասֆալտապատված են եղել, սակայն գյուղում ՀԷԿ են կառուցել, ինչի արդյունքում շարքից դուրս են եկել ոչ միայն ճանապարհները, այլ նաեւ ջրահեռացման համակարգն ու ճանապարհների հենապատերը. «ՕՍՏԵԼ» ՍՊԸ-ն 2007թ. որոշեց ՀԷԿ կառուցել ու քանդեց ճանապարհները՝ խողովակաշար անցկացնելու նպատակով:

ՀԷԿ-ը 6 ամիս անց շահագործման հանձնեց, բայց մինչ օրս ճանապարհների վրա որեւէ բարեկարգման աշխատանք չի տարվել, ինչի հետեւանքով մեքենաները մեծ դժվարությամբ են հասնում գյուղ: Քիչ չեն դեպքերը, երբ տաքսիները պարզապես հրաժարվում են հասնել մեր գյուղ»,- բողոքեց գյուղապետը: Նա նշեց, որ խնդրի կապակցությամբ բազմաթիվ գրություններ է ուղղարկել ՀԷԿ-ի փաստացի տնօրեն Տիգրան Օհանյանին՝ պահանջելով նորոգել իրենց քանդածը, սակայն որեւէ պատասխան տվյալ ընկերությունից չի ստացվել. «Բազմիցս գրություններ եմ ուղարկել, մարզպետին էլ եմ դիմել, առաջիկայում էլ պատրաստվում եմ դիմել վարչապետին, որ պարտավորեցնեն գան, իրենց քանդածը սարքեն: Մենք ավել բան չենք ուզում իրենցից»,-ասաց նա:

Այն հարցին, թե արդյոք մինչ ՀԷԿ-ի կառուցումը համայնքը որեւէ պայմանագիր չի կնքել ընկերության հետ, որպեսզի պատճառված վնասը փոխհատուցվի, Ծաղկաշատի գյուղապետը պատասխանեց. «2007թ-ին ես համայնքի ղեկավար չեմ եղել, որեւէ փաստաթղթով որեւէ բան ամրագրված չէ»:

Ծաղկաշատը 265 բնակիչ ունի: Գյուղի դպրոցում սովորում է 12 աշակերտ: Գյուղը գազաֆիկացված չէ, ըստ գյուղապետի՝ կարիք էլ չկա գազաֆիկացնելու, քանի որ բնակչությունը պատրաստակամություն չի հայտնում բաժանորդ դառնալ. «Մենք փայտանյութ ենք օգտագործում, գյուղացին չի կարող գազի տակից դուրս գալ»,-ասաց համայնքի ղեկավարը:

Բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է: Համայնքում շաբաթական երեք անգամ ավտոբուս է գործում, որն ըստ համայնքի ղեկավարի՝ լիովին բավարար է: Ծաղկաշատի գյուղապետ Սամվել Թանդիլյանը մեկ անգամ եւս պնդում է՝ կարեւորագույն խնդիրը ճանապարհների նորոգման հարցն է, որը համայնքի բյուջեով հնարավոր չէ լուծել. «Պետք է մի ձեւ ընկերության տնօրինությանը պարտավորեցնել, որ քանդածը նաեւ կառուցել է պետք»,-եզրափակեց համայնքի ղեկավարը:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս