Պատասխանը հայրս է լավ տվել. «մի տան ծառից երկու ծիրան մի՛ պոկիր». Արման Սահակյանը՝ օրենսդիր չգնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարողացավ թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանները, հավաքել 18 հազար 695 քվե եւ հաղթանակ տանել: Չնայած այդ փաստին՝ Արման Սահակյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել եւ հրաժարվել իրեն հասանելիք ԱԺ պատգամավորի մանդատից:

Ինչո՞ւ որոշվեց Սահակյանին թողնել նույն պաշտոնում, եւ ի՞նչ դեր ունեցավ այդ որոշման վրա տնից երկու պատգամավոր դառնալու հնարավորությունը: Հիշեցնենք, որ Արման Սահակյանի հայրը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ընդգրկված էր ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:

-Պարո՛ն Սահակյան, արդեն ուրվագծվում է 6-րդ գումարման ԱԺ կազմը, չնայած նրան, որ Դուք հաղթել էիք Ձեր ընտրատարածքում, ինքնաբացարկ եք ներկայացրել, ինչո՞ւ որոշվեց Ձեզ թողնել նույն պաշտոնում, Դուք ի սկզբանե ցանկանում էիք գնալ Ազգային ժողով:

-Գիտեք, ես բազմիցս ասել եմ, որ ցանկացած մարդ, ով զբաղվում է քաղաքականությամբ, պիտի ենթարկվի իր քաղաքական թիմի որոշումներին:

-Բայց պետք է հաշվի առնեն նաեւ տվյալ թեկնածուի ցանկությունը, այնպես չէ՞:

-Ես պարզ պիտի ասեմ, ես բազմիցս նաեւ դրա մասին եմ խոսել, որ ես պատրաստակամ եմ աշխատելու եւ՛ գործադիրում, եւ՛ օրենսդիրում:

-Դուք ընտրությունների մենամարտում հաղթանակ տարաք՝ Ձեր կուսակցությանը պարգեւելով մեծ թվով ձայներ, հետեւաբար կարո՞ղ ենք նկատել, որ պարտվեցիք ներկուսակցական պայքարում:

-Ո՛չ, ինչու պարտվեցի, իսկ ի՞նչ է եղել, որ պարտվեմ:

-Լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փորձում է ամեն ինչ անել, որ Դուք մնաք գործադիրում, որպեսզի իր փեսա Արթուր Գեւորգյանը կրկին դառնա պատգամավոր: Ինչպե՞ս կպարզաբանեք այս լուրերն արդեն այս իրավիճակում:

-Ո՛չ, ես կարծում եմ, որ այսօր Վլադիմիր Գասպարյանը մեր երկրի ոստիկնապաետն է եւ այնքան շատ զբաղմունք ունի, որ չեմ կարծում՝ պետք է զբաղվեր նման խնդիրներով, իսկ Արթուր Գեւորգյանն իմ ընկերն է եւ մանկական ընկերն է, ուրախ եմ եւ շնորհավորում եմ, որ հենց Գեւորգյան Արթուրն է գնում Ազգային ժողով:

-Ըստ տեղեկությունների՝ Ձեր առջեւ պայման էր դրվել, որ կա՛մ Դուք պետք է դառնաք պատգամավոր, կա՛մ Ձեր հայրը՝ Գալուստ Սահակյանը: Ձեր հայրը ինքնաբացարկ չի ներկայացրել եւ շարունակելու է լինել ԱԺ-ում: Ներընտանեկան խոսակցություններ, նեղացվածություն չկա՞, որ Գալուստ Գրիգորիչը իր տեղը չզիջեց որդուն:

-Իհարկե, չկա: Նման խնդիր գոյություն չունի: Դրա պատասխանը, կարծեմ, հայրս է լավ տվել, որ այդպիսի մի ասացվածք կա, չէ՞, «մի տան ծառից երկու ծիրան մի՛ պոկիր»:

Անկեղծ ասած՝ ժողովրդի քվեն հենց դա ապացուցեց, եւ ես այդտեղ չեմ տեսնում որեւէ արտառոց բան, եթե մենք երկուսով հայտնվեինք Ազգային ժողովում, իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ հայրը երկար տարիներ քաղաքականությամբ է զբաղվում եւ կանգնած է մեր երկրի, մեր պետության անկախության կայացման ակունքներում, բնական է, որ ինձ համար շատ դժվար կլիներ այնտեղ, բայց դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում ես:

Ուղղակի եթե քաղաքական թիմը որոշել է, որ ես իմ գործառույթները պետք է իրականացնեմ գործադիրում, ես դա հաճույքով կանեմ, առավել եւս թող բոլորն էլ իմանան, որ ի նպաստ առաջինը մեր երկրի, մեր պետության կայացման գործում եւ երկրորդն էլ, բնականաբար, այն ընտրատարածքի՝ երկրորդ ընտրատարածքի աշխատանքներում ես անպայման ներգրավված եմ լինելու եւ անելու եմ ամեն ինչ, որպեսզի ինձ ընտրողների վստահությունը կարողանամ պահել մինչեւ վերջ:

-Նոր Սահմանադրությամբ կառավարությանն առընթեր մարմիններ նախատեսված չեն: Դրանք առաջիկայում կա՛մ պետք է վերածվեն նախարարությունների, կա՛մ մտնեն որեւէ նախարարության կազմ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մտահագություն չունե՞ք, թե՞ այդ դեպքում որեւէ պաշտոն են խոստացել:

-Ո՛չ, կարծեմ՝ Սահմանադրությամբ նախատեսված չէ կառավարությանը առընթեր մարմիններ, բայց կառավարությունը կարող է ունենալ իրեն օժանդակող գերատեսչություններ, այնպես որ, ես դրա մտահոգությունն ու մտավախությունը չունեմ, եւ երբեւիցե ինձ համար ո՛չ պաշտոնը, ո՛չ ազգային ժողովի պատգամավոր դառնալն ինքնանպատակ չի եղել:

-Պարո՛ն Սահակյան, եւ վերջում՝ ինչպե՞ս կմեկնաբանեք «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցած ինքնաբացարկների պատմությունը: Ձեր ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վահան Կարապետյանը, ում հետ նախընտրական շրջանում կոնֆլիկտ էիք ունեցել, ինքնաբացարկի դիմում էր գրել, հետո գնաց, հետ վերցրեց իր դիմումը:

-Գիտեք, դրանք ներկուսակցական քաղաքական խնդիրներ են, որոնց առումով ես մեկնաբանություններ չունեմ, դրանք ներկուսակցական խնդիրներ են, որոնք կլուծվեն, կարծում եմ:

Հ.Գ. Ի դեպ, Արման Սահակյանը մեկ անգամ չէ, որ օգտագործում է «մանկական ընկերներ» արտահայտությունը: Լավ կլիներ՝ ՀՀԿ-ականն իմանար, որ ոչ թե «մանկական», այլ «մանկության ընկերներ» է:

Վահագն Հակոբյան




Լրահոս