Զորամասի պաշտոնյաների ու մատակարարների կողոպուտը. հափշտակություններ և աղմկահարույց բացահայտումներ ՊՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարությունից հափշտակությունների գործով աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Պարզվում է, որ ՀՀ ՊՆ-ին ապրանք մատակարարող ընկերությունների մասնագետները գաղտնի գործարքի մեջ են մտել զորամասի պաշտոնատար անձանց հետ:

Մինչ պաշտպանության նախարարությունը իրեն ապրանք մատակարարած ընկերություններին դատի է տալիս՝ պահանջելով հետ վերադարձնել իրենից հափշտակած գումարները, իրավապահները բանակի պաշտոնատար անձանց եւ զորամասեր ապրանքեր մատակարարող ընկերությունների աշխատակիցների գործողությունների մասով աղմկահարույց բացահայտումներ են իրականացրել:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Ավանագարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը:

Ինչպես պարզեցինք՝ «Ավանգարդ» ՍՊԸ-ն ՊԲ վերոնշյալ զորամասին ապրանք է մատակարարել։ ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Ավանգարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը համաձայնության են եկել զորամաս մատակարարված ապրանքները «մեջ-մեջ անել»։ Ասել է, թե վերջիններս ՀՀ ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանին ասել են, որ կեղծի պաշտոնական փաստաթղթերը, կեղծ ստորագրություններ դնի մատակարարված ապրանքի դիմաց՝ այսպիսով պետությանը պատճառելով շուրջ 3 միլիոն դրամի վնաս:

Այս արարքի համար ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերով (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով):

ՀՀ ՊՆ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել կողոպուտի, ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով), 376-րդ հոդվածի առաջին մասով (ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով):
Իսկ ահա «Ավանգարդ» ՍՊԸ-ի գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 178-րդ հոդվածի երկրորդ մասի 1, 2 կետերի հատկանիշներով (կողոպուտ):

Սակայն նկատենք, որ ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը նախկինում ինչ-որ արարքի համար ազատազրկման է դատապարտված եղել:

Նկատենք, որ «Ավանգարդ» ՍՊԸ-ի անունը առաջին անգամ չէ, որ հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում:

Դեռեւս 2016 թվականին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ուսումնասիրություն էր իրականացրել պաշտպանության նախարարության կողմից պետական գնումների գործընթացում եւ կասկածելի գործարքներ էր նկատել, մասնավորապես հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանը նշել էր, որ «Ավանգարդ» ՍՊԸ-ն փակ շրջանակային համաձայնագրով 11 տեսակի ծառայություն է մատուցել ՊՆ-ին՝ է՛լ լվացքն է արել, է՛լ հացաթխում, է՛լ սննդամթերքի ու շինանյութերի մատակարարում, տնտեսական, սանհիգիենիկ եւ լվացքի միջոցների մատակարարում եւ այսպես շարունակ:

Փորձագետի կարծիքով՝ եթե հացամթերքի մատակարարումն ու լվացքի ծառայությունը միեւնույն ընկերությունն է կատարում, ապա անհասականալի է, թե ավտոմեքենաների, ռադիոսարքավորումների մատակարարումը ինչո՞ւ է կրկին այս ընկերությունն անում. «Նշված ընկերությունը, հաստատ, ավտոմեքենաներ արտադրող կամ ներմուծող չէ: Եվ եթե պետությունը կարեւորում է փողը, պետական բյուջեն, ապա ինչո՞ւ են միջնորդավորված ընկերությունից գնում»:

Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որ զորամասի պաշտոնատար անձինք իրենք են ընկերությունների մասնագետների հետ մտել կեղծ գործարքների մեջ եւ դեռ նախկինում ազատազրկման դատապարտված լինելով՝ դասեր չեն քաղում: Հետո էլ ասում ենք, թե որտեղ են կըհթըղմ մեր բանակի փողերը։

Քնար Մանուկյան




Լրահոս