Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։
Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։
Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում 951 թվականին: (Ըստ Վաչե Նալբանդյանի Նարեկացու ծննդյան թվականն ընկնում է 945–950 թվականների միջև)։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով եպիսկոպոսիորդին էր։
Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, ոորտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու ձեռքի տակ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։
Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվում նույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։
Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել, և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է Թոնդրակեցիների աղանդին պատկանելու կամ հարելու համար (Ըստ որոշ ուսումնասիրողների, կաթողիկոսի կողմից իբրև թոնդրակեցի է բանտարկվել Նարեկացու հայրը։ Թոնդրակեցիությանը հարելու մեջ կասկածվել է նաև Անանիա Նարեկացին):
Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականիnն և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։
Նարեկացու ստեղծագործությունները
Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։
Մատյան Ողբերգության
Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան Ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։
Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։
Պոեմը գրաբարից աշխարհաբարի է վերածել Մկրտիչ Խերանյանը։ Հայ գրականության մեջ բազմաթիվ են աշխարհաբար թարգմանությունները։ Վազգեն Գևորգյանը թարգմանել է պոեմի ծաղկաքաղը։
Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։
Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվեյով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։
Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։
Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։
Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, «… մութ խորհոլրդների միջից սլանալով», մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։