Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան դպրոցում անթույլատրելի պայմանների վերաբերյալ հրապարակային տեղեկություններիհիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նույն օրը սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Արագ արձագանքման վարչության պետի տեղակալը և Երեխաների պաշտպանության բաժնի պետը չհայտարարված այց են կատարել դպրոց, առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների և աշակերտների հետ:
Այցի ընթացքում պարզվել է, որ դպրոցի շենքային պայմանները գտնվում են անթույլատրելի վիճակում, ինչն էական խոչընդոտ է երեխաների կրթության իրավունքի իրացման, դպրոցում ուսումնադաստիարակչական գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Արձանագրվել է նաև, որ առկա դասասենյակները չեն համապատասխանում աշակերտների թվաքանակին, սանհանգույցները գտնվում են ոչ բարվոք վիճակում, դպրոցը չունի մարզադահլիճ, ինֆորմատիկայի, շախմատի դասասենյակներ: Դպրոցի դասասենյակները, և դպրոցի շենքի մյուս հատվածները ունեն հրատապ հիմնանորոգման կարիք:
Հարցի քննարկման շրջանակներում Պաշտպանի կողմից իրավասու պետական մարմիններից պարզաբանումներ կպահանջվեն երեխաների կրթության իրավունքի իրացման պատշաճ ապահովման նպատակով ձեռնարկվող քայլերի և դպրոցի շենքի վերանորոգմանաշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերի՝ այդ թվում ժամկետների վերաբերյալ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ