
Հայաստանում կթողարկվեն «Բարսելոնայի լաբիրինթոս» եւ «Մազոնեի լաբիրինթոս» արծաթե հուշադրամները, որոնցից յուրաքանչյուրի անվանական արժեքը կկազմի 5000 դրամ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը արդեն հաստատել է հուշադրամների դիմերեսի եւ դարձերեսի էսքիզները: Այս մասին նշված է Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկագրում:
Հուշադրամներից յուրաքանչյուրի քաշը լինելու է 62.2 գրամ, հարգը` 925: Յուրաքանչյուրի հուշամեդալից կթողարկվի ոչ ավելի քան 1500 հատ: Հուշադրամները կլոր չեն:
Անցած տարի ԿԲ-ն թողարկել էր նմանատիպ հուշամեդալներ` «Բոստոնի լաբիրինթոսը» եւ «Վաալի լաբիրինթոսը»: Դրանք նույնպես 62.2 գրամ էին: Չնայած այս հուշադրամների անվանական արժեքը 5 հազար դրամ է, շուկայական արժեքը կազմում է մոտ 50 հազար: Մասնավորապես, «Բոստոնի լաբիրինթոսը» եւ «Վաալի լաբիրինթոսը» հուշամեդալները հենց այդ գնով են վաճառքի հանվում: