Օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, թե ովքեր են մայիսի 18-ին խորհրդարան որպես պատգամավոր մտնելու առաջին անգամ: Ներկայացրել էինք նաև, թե ովքեր են ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Ջեմմա Բաղդասարյանն ու Անդրանիկ Հարությունյանը:
Շարունակելով մեր շարքը, այսօր կներկայացնենք ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորական մանդատ ստացած Միհրան Հակոբյանին: Նա հանդիսանում է ՀՀԿ խորհրդի անդամ և «Արարատ» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն: Նա որոշ ժամանակ աշխատել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ֆինանսավորվող ATV հեռուստաընկերությունում: Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, երբ դադարեցվեց հեռուստաընկերության լուրերի բաժնի ֆինանսավորումը, Հակոբյանն էլ հեռացավ հեռուստաընկերությունից: Իսկ երբ ՀՀԿ-ն հիմնեց «Արարատ» հեռուստաընկերությունը, նրան արդեն նշանակեցին լուրերի բաժնի տնօրեն:
Միհրան Հակոբյանը, կարելի է ասել, «հայտնի» դարձավ 2016 թվականին` ՊՊԾ գնդի գրավման օրերին: Բանն այն է, որ այդ օրերին Հակոբյանը սոցիալական ցանցի իր էջում առաջարկել էր «սատկացնել» ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին:
Այս և մի քանի այլ գրառումներից հետո Միհրան Հակոբյանին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը թույլ չի տվել մեկնելու նահանգներ` Open World ծրագրին մասնակցելու համար, ավելի շուտ` ծրագրին մասնակցելու հրավերը չեղարկել է: Պատճառն էլ եղել է պարեկապահակային գնդի գրավման իրադարձությունների ժամանակ արած ֆեյսբուքյան գրառումները: