Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այսօր կայանալիք եվրատեսիլյան փորձի ընթացքում իրենց գնահատականները կտան մրցույթի ժյուրիի անդամները, իսկ վաղը` մայիսի 9-ին, նաեւ հեռուստադիտողները:
Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո:
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները:
Հայկական ժառանգության բացառիկ նմուշները «Հայկական դրոշմազարդ կտավ» եւ «Հայկական զարդարվեստ» ձեռնարկներից են: Հին զարդանախշերի գեղարվեստական մշակումները բացառիկ իրավունքով տրամադրել է նշված ձեռնարկների հեղինակ Արմեն Քյուրքչյանը: Հայկական զարդարվեստը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով արեւմուտքի եւ արեւելքի միջեւ դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է եւ կներկայացվի եվրատեսիլյան բեմից նորաձեւ գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «Ճախրիր ինձ հետ»:
Օգտագործվել են զարդանախշեր հետեւյալ աղբյուրներից՝
• 1643թ.: Շոռոթ, Մատենադարան, ձեռ. 779 / 1643: Shorot: 26 X 20cm., Matenadaran, ms.779
• Ավետարան, Նախիջևան, 1304., ծաղկող ՝ Սիմոն / Gospel, Nakhijevan, 1304, miniaturist-Simon նբ
• Ճաշոց, 9-10դդ / Lectionary, 9-10 cc.
• Հովհաննավանք, 1251թ. / Hovhannavank Monastery, 1251
• Փարպի, Ծիրանավոր, 5-րդ դար / Parpi, Dziranavor, 5 century
Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականցման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր եւ ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Խոստացված թռիչքին հնարավոր կլինի հետեւել մայիսի 9-ին մրցույթի հեռարձակման ընթացքում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաեւ երեք բեք- վոկալիստներ:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո: