Ինչպես հայտնի է՝ մայիսի 18-ին մեկնարկելու է վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ որոշվելու է՝ ովքեր կզբաղեցնեն ԱԺ ղեկավար պաշտոններ:
Այսօր լրագրողները «Հաղթանակ» զբոսայգում փորձում էին ՀՀԿ-ական գործիչներից պարզել, թե ում են նրանք տեսնում այդ պաշտոններում: Նման հարց ուղղվեց նաև ՀՅԴ ԳՄ Բյուրոյի անդամ Արծվիկ Մինասյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե խոսակցությունների համաձայն, ԱԺ փոխնախագահի մեկ պորտֆելը կտրվի հենց ՀՅԴ-ին: Արծվիկ Մինասյանը նշեց, թե այս հարցով քննարկումներ չեն եղել և ինքը չի ցանկանում տեսակետ հայտնել, թեկուզ նաև անձնական:
ՀՀԿ-ականները ևս ձգտում էին չպատասխանել նման բնույթ ունեցող հարցերին՝ նշելով, թե այս օրով կոռեկտ չէ նման բնույթի հարցերի պատասխանել:
Օրինակ, նման պատասխան տվեց վեցերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ նշելով, թե այս օրով նման հարցերի պատասխանել ճիշտ չէ: Իսկ օրինակ, Գագիկ Մելիքյանը նշեց, թե քննարկումների դեպքում առաջարկներ կլինեն:
Իսկ հինգերորդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ղեկավար պաշտոնների հարցը կքննարկվի միայն Երևանի ավագանու ընտրություններից հետո: Իսկ մյուս փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ հայտարարեց, թե կարգ կա, որով էլ կայացվում են որոշումները:
Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատգամավոր Կարեն Կարապետյանին արդյոք տեսնում է ԱԺ նախագահի պաշտոնում, նա նշեց. «Ինչու ոչ»: