Նորընտիր պատգամավոր Ալիկ Սարգսյանի ունեցվածքը. անշարժ գույքի տիրակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել վեցերորդ գումարման խորհրդարանի նորեկներին՝ նրանց, ովքեր մայիսի 18-ին առաջին անգամ են պատգամավորի կարգավիճակով ԱԺ մուտք գործելու:

Նրանց թվին է պատկանում նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Չնայած վերջինս իր գործունեության ընթացքում բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել՝  ոստիկանապետ, Արարատի մարզպետ, նախագահի խորհրդական, սակայն  որպես պատգամավոր աշխատելու սա նրա առաջին փորձն էր: Մինչ նրա օրենսդիրում հայտնվելը, Սարգսյանին տարբեր պաշտոններ էին վերագրվում, ընդհուպ մինչև արտակարգ իրավիճակների նախարար: Սակայն այդ տեղեկություններն իրականություն չդարձան, և խորհրդարանական ընտրություններում, լինելով ՀՀԿ շտապի պետն Արարատի մարզում, նա բավարարվեց մարզում  միայն երրորդ տեղով և մանդատ ստանալով:

Ալիկ Սարգսյանը որպես եկամուտ  ԿԸՀ ներկայացրած փաստաթղթում հայտարարագրել էր իր աշխատավարձը՝ 9 մլն 272 հազար դրամ, կենսաթոշակը՝ 4 մլն 294 հազար դրամ, եւ ավանդի դիմաց ստացված տոկոսը՝ 277 հազար դրամ: Պատգամավորի թեկնածու առաջադրված Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 259 հազար դոլար եւ 11 մլն դրամ: Ի դեպ, նշենք, որ Սարգսյանը 33.3 տոկոս բաժնեմաս ունի «Մակրո-Երեւան» հայ ռուսական Հ/Ձ ՍՊԸ-ում եւ 16.7 տոկոս բաժնեմաս ունի «Մարկ ինտերնեյշնլ» հայ-ռուսական Հ/Ձ ՍՊԸ-ում:

Իսկ հայտարարագրած անշարժ գույքը հետեւյալն է. երեք բնակարան Երեւանում, 9 հատ հողամաս Արարատի մարզի Դարակերտ գյուղում, 6 հատ հողամաս Կանաչուտ գյուղում, մեկ հողամաս էլ Բարձրաշեն գյուղում, գյուղատնտեսական արտադրական մեկ օբյեկտ՝ Արտաշատ քաղաքում, որի 12.5 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: Բացի այս, Երեւանում նա ունի հասարակական կիսանկուղ օբյեկտ, Ջերմուկ քաղաքում ընդունելությունների տուն, իսկ Ծաղկաձորում՝ հանգստյան տուն, որի 25 տոկոս բաժնեմասն է իրենը: Մեկ բնակելի տուն էլ Կանաչուտ գյուղում ունի:




Լրահոս