ՖՈՏՈ. Ինձ ասում են, որ 20 օր կոմայի մեջ եմ եղել. Թալիշի դիրքերում վիրավորված զինծառայող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թ. ապրիլի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով պայմանագրային զինծառայող, խաղաղապահ, ավագ սերժանտ Դավիթ Համբարձումովը ստացել է գլխուղեղի  ծանր հրազենային վնասվածք, ունի աջակողմյան թուլություն:

Դավիթը առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է 97 հազար դրամ հաշմանդամության կենսաթոշակ:

ArmLur.am-ի հետ զրույցում Դավիթը դժվարացավ պատմել, թե ինչպես է վիրավորվել միայն նշեց, որ վիրավորվել է գիշերը՝ Թալիշի դիրքերում. «Մեր ուղղությամբ անընդհատ կրակում էին, ու տենց կրակի տակ ընկա և գլխուղեղի հատվածում հրազենային վիրավորում ստացա»:

Դավիթ Համբարձումովին մարտի դաշտում առաջին բուժօգնություն ցույց են տվել ընկերները, որից հետո տեղափոխել են Մարտակերտ, ապա Ստեփանակերտի Զինվորական կլինիկա, որտեղ  շտապ ենթարկվել է վիրահատության: Այնուհետև վիճակը կայունանալուց հետո տեղափոխել են Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:

«Ինձ պատմում են, որ Մուրացանի հոսպիտալում 20 օր կոմայի մեջ եմ եղել, որից հետո տեղափոխվել եմ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն: Գլխուղեղիս ոսկորը քանի որ հեռացված էր, վիրահատության միջոցով գլխուղեղի ոսկորին փոխարինող «տիտանային թիթեղ» են տեղադրել»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ  առողջական խնդիրներ կան հենաշարժողական համակարգի հետ կապված. «Չեմ կարողանում ինքնուրույն քայլել, տեղաշարժվել»:

Հավելենք, որ Դավիթը ամուսնացած է, ունի երկու երեխա: Ընտանիքի ամբողջ կարիքները հոգում է իր կենսաթոշակով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս