Օրեր առաջ «МИР» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չի պատրաստվում զենքը վայր դնել, այդ իսկ պատճառով ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են գործողությունների:
«Գործողությունների պատրաստ են նաև ռուսական բազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»,- ընդգծել էր նա:
Սերգեյ Լավրովի այս հայտարարության շուրջ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:
-Պարո′ն Բադալյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, ըստ որի` ՀՀ-ում ռուսական ռազմաբազան կարող է ներքաշվել ԻՊ-ի դեմ պայքարում: Իրատեսական համարո՞ւմ եք սա:
-Եթե ՌԴ արտգործնախարարն է այդ հայտարարությունը արել, նշանակում է իրատեսական է, եթե ՀՀ արտգործնախարարը հայտարարեր, կարող էինք ասել` միգուցե, իրատեսական չէ: Բայց դա չի նշանակում, որ հենց վաղը ռուսական բազան պետք է պայքարի Սիրիայի ահաբեկիչների դեմ, բայց անհրաժեշտության դեպքում, ռուսական բազան ինչ-որ մի ձևաչափով կարող է մասնակցել այդ պայքարին:
Վերջիվերջո, չմոռանանք, որ ռուսական ռազմաբազան հենց ՌԴ զինված ուժերի զորաբաժանում է, եւ եթե ՌԴ գերագույն հրամանատարից կամ զինված ուժերի հրամանատարներից այդպիսի հրաման գա, ապա կմասնակցեն: ՀՀ իշխանությունները ոչ մի բան չեն կարող անել խանգարելու այդ հնարավոր ծրագրին:
–Ի՞նչ կտա Հայաստանին ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի` ԻՊ-ի դեմ պայքարը:
-Հայաստանին ոչ մի բան էլ չի տա, որովհետև Հայաստանը այդ ռազմական բազայի հետ ուղղակի կապ ունի, ֆինանասավորման խնդիրներն է լուծում, բայց հրամանատարական բոլոր հարցերը լուծում է ՌԴ-ն:
-Այնուամենայնիվ. բացասական անդրադարձ կունենա Հայաստանի վրա:
-Դժվար է ասել, թե ինչ վնաս կարող է տալ, որովհետև ԻՊ-ն քայլեր է ձեռնարկում նրանց դեմ, ովքեր ռազմական ուժերով մասնակցում են իրենց դեմ պայքարին: Դժվար ցանկանան ահաբեկչություն իրականացնել Հայաստանի տարածքում` որպես վրեժ ռուսական բազայի կողմից իրենց դեմ մղվող այս կամ այն ձևով գործողություններին, որովհետև Հայաստանն այդ կշիռը չունի: Չնայած չի բացառվում, բայց դա չի հետաքրքրում Ռուսաստանին, անկախ նրանից, թե դրանից հետո ԻՊ-ն ՀՀ տարածքում որևէ բան կփորձի անել, թե չէ:
Արփինե Թովմասյան