Հայաստանի Հելսինկյան կոմիտեն զեկույց է հրապարակել ԱԺ ընտրությունների վերաբերյալ: Զեկույցը վերաբերում է թիվ 2 ընտրական տարածքում տեղի ունեցած դիտորդական առաքելության արդյունքներին:
ArmLur.am-ն ուսումնասիրելով զեկույցը` տեղեկանում է, որ դիտարկումն իրականացվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 52 տեղամասերում (6/01-6/52), առավոտյան ժամը 07:00-ից մինչև հանձնաժողովների արձանագրությունների կազմումը:
«ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունն ուղեկցվել է բազմաթիվ թերություններով, այդ թվում` վատ վարչարարությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքի խախտումներով: Արձանագրվել են ընտրողների ուղղորդումներ, քվեարկության վերահսկողություն, կրկնակի և բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր և փորձեր, կողմնակի անձանց ներկայություն տեղամասերում: Կիրառվել են ընտրողների ինքնությունը բացահայտող տարբեր մեթոդներ` սկսած ծրարներում դրված կտրտված թերթիկներից մինչև գունավոր գրիչների կիրառում», – նշված է զեկույցում:
Բացի այդ, զեկույցի համաձայն` դիտարկված տեղամասերում հաճախ խախտվել են քվեարկության կարգը և գաղտնիությունը: Համատարած եղել են կուտակումներ ընտրական կենտրոնների շուրջ, մեքենաներով մարդկանց տեղափոխումներ ընտրական տեղամասեր: Բազմաթիվ ընտրատեղամասերում ներկա են եղել կողմնակի անձինք, որոնք իրականացրել են որևէ կուսակցության կամ կուսակցության դաշինքի, նրանց թեկնածուների շահերին ուղղորդված աշխատանքներ: