Սյունիքի մարզն ու Վայոց Ձորն ընդգրկող ընտրատարածքից մանդատ ստացած թեկնածուների թվում է Աշոտ Արսենյանը, ով օրենսդիրում նորեկ չէ: Չնայած նա իր պատգամավորական գործունեությունը սկսել է 2003 թվականից, սակայն նրա անուն ազգանունը` որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, այնքան էլ հայտնի չէ հանրությանը: Սակայն որպես «Ջերմուկի Արսենյան» նրան շատերն են ճանաչում:
Դա գալիս է նաև այն հանգամանքից, որ տարիներ շարունակ խորհրդարանում լինելով` նա բավարարվել է միայն կոճակ սեղմելով և քվեարկություններին պարտաճանաչ ներկա գտնվելով: Այս ամենից զատ նրա պատգամավորական գործունեությունը ոչնչով աչքի չի ընկել: Թերևս, վեցերորդ գումարման խորհրդարանը ևս Արսենյանի համար բացառություն չի լինի. վերջինս այնտեղ էլ կշարունակի կատարել իր՝ կոճակ սեղմողի պարտականությունը:
Չնայած նա ակտիվ չէ օրենսդիր դաշտում, սակայն ակտիվ է բիզնես ոլորտում: Դա է վկայում պատգամավորի ներկայացրած հայտարարագիրը, այնտեղ նշված գործարքներն ու դրամական միջոցների մասին տվյալները:
2016 թվականի հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա այդ տարի ոչ մի գործարք չի կատարել, սակայն ունի մեծ թվով հանձնած և վերադարձված փոխառություններ:
Դրամական միջոցներում ևս տեղաշարժեր են եղել. մասնավորապես, տարվա սկզբում նա ուներ 100 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 200 մլն: Իսկ դոլարային միջոցները մնացել են նույնը՝ 4 մլն դոլար:
Հետաքրքիր են նրա ներկայացրած տվյալները եկամուտների վերաբերյալ: Ուսումնասիրելով դրանք` պարզ է դառնում, որ նա իր եկամուտը ստացել է աշխատավարձից, ստացված փոխառություններից, նվիրատվությունից , շահաբաշնից և այլ միջոցներից: Ընդհանուր առմամբ 2016 թվականին Արսենյանը վաստակել է 1 մլրդ 969 մլն 935 հազար դրամ: