Ինչպես հայտնի է՝ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն` ԱԺ-ում չորս մանդատ տրվելու էր աքզգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Եզդիական համայնքից պատգամավորական մանդատը ստացել է Ռուստամ Մախմուդյանը՝ ՀՀԿ խմբակցությունից:
Մախմուդյանի հետ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ-ում նրա ապագա աշխատանքի, ՀՀԿ-ն ընտրելու և եզդիական համայնքի որոշ ներկայացուցիչների կողմից քննադատության արժանանալու շուրջ:
«Կարծում եմ` աշխատանքս չի առանձնանալու այլ իրավաստեղծ գործունեություն ծավալող անձանց գործունեությունից, որովհետև բոլորիս նպատակն էլ որակյալ օրենքների ընդունումն է, ինչու չէ նաև հասարակության շահերի պաշտպանությունը»,- նշեց նա:
Խոսելով ՀՀԿ-ի հետ համագործակցության մասին և այն դիտարկմանը՝ լինելով այդ կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր, կիսելո՞ւ է պատասխանատվությունը, նա ընդգծեց. «Եվ նախընտրական որոշակի դիտարկումները և այլ հանգամանքներ ինձ բերեցին այն համոզման, որ ներկա իրավիճակում, եթե ցանկանում ենք համայնքի հարցեր լուծել, ապա պետք է կանգնենք ՀՀԿ-ի կողքին: Ինչ խոսք, եթե շարժվում ես, ընթանում ես որոշակի քաղաքական ուժի հետ, բնականաբար, պիտի կիսես նաև այդ քաղաքական պատասխանատվությունը»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան