Ապրիլի 2-ին կայացած ընտրությունների քարոզարշավի ընթացքում ամենամեծ ֆինանսական միջոցները իշխող Հանրապետական կուսակցություն է ծախսել: Հիշեցնենք, որ նրանք առաջատար են նաև ավագանու քարոզարշավի դեպքում:
ArmLur.am-ն ուսումնասիրել է ՀՀ ԿԸՀ հրապարակած տվյալները և ներկայացնում է, թե ինչպիսին է թվային պատկերը յուրաքանչյուր կուսակցության դեպքում:
«Ելք» դաշինքը փետրվարի 25-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում ծախսել է 42 մլն 652 հազար 739 դրամ, որը հիմնականում ծախսվել է եթերների, վահանակների վարձակալության, բուկլետների, պաստառների տպագրության վրա: 1 մլն դրամից ավել գումար նրանք ծախսել են նախընտրական ծրագրի շնորհանդես֊դրամահավաքի կազմակերպման համար:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը փետրվարի 25-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում քարոզչական ծախսերին հատկացրել է 9 մլն 487 հազար 188 դրամ, որը հիմնականում ծախսվել է գովազդային ծառայությունների, հեռուստատեսային եթերաժամանակի , տպագրության և այլ նմանատիպ ծառայությունների համար:
Չնայած «Հայկական վերածնունդ»-ը չի անցել խորհրդարան, սակայն քարոզչական ծախսերի համար մեծ գումարներ է հատկացրել: Կուսակցությունը նույն ժամանակահատվածում այդ ծախսերի համար հատկացրել է 70 մլն 714 հազար 026 դրամ: Նշված գումարի ճնշող մեծամասնությունը ծախսվել է եթերային քարոզչության համար:
«Ծառուկյան դաշինքը» մեծ գումարներ ծախսած ուժերի թվին է դասվում: Փաստաթղթերից պարզ է դառնում, որ այդ նույն ժամանակահատվածի համար նրանք ծախսել են 149 մլն 611 հազար 270 դրամ և կրկին գրեթե միանման գործողությունների համար՝ պաստառների տպագրություն, եթերաժամ, գովազդներ և այլն:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը նույնպես խորհրդարան չանցած ուժերի թվին է դասվում, որը սակայն մեծ գումարներ է ծախսել քարոզարշավի համար: Մասնավորապես, այս դաշինքից ծախսած գումարներհն ավելի շատ են, քան ՀՎԿ-ինը: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը նույն ժամանակահատվածում ծախսել է 74 մլն 718 հազար 463 դրամ:
Բնականաբար, ուժերի մեջ առաջատարը ՀՀԿ-ն է, որը ընտրությունների քարոզարշավի վրա ամենաշատ գումարներն է ծախսել: Ընդ որում, առանձին ծառայությունների մասով ևս այս ուժը բացարձակ առաջատար է. մասնավորապես դահլիճների վարձակալություն, եթերաժամանակ, քարոզչական պաստառներ և այլն: Մասնավորապես, «Մոսկվա » կինոթատրոնում դահլիճի վարձակալության համար տրամադրվել էր մեկ միլիոն դրամ, Մարզահամերգային համալիրի դահլիճի վարձակալման համար 10 մլն դրամ և այլն: Ընդհանուր առմամբ ՀՀԿ-ի ծախսած գումարը կազմում է 374 մլն 750 հազար 249 դրամ:
Անդրադառնանք Հայաստանի կոմունիստական կուսակցության ծախսած գումարներին: Նույն ժամանակահատվածի համար նրանք ծախսել են 9 մլն 302 հազար 952 դրամ:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ևս խորհրդարան չանցած ուժերի թվին է պատկանում: Նրանք ծախսել են 80 մլն 584 հազար 166 դրամ: Եվ կրկին այդ գումարները ծախսվել են նույն նպատակներով:
Իսկ ՀՅԴ-ն, ով այս խորհրդարանում ունենալու է 7 մանդատ, քարոզչության համար ծախսել է 30 մլն 062 հազար 895 դրամ և կրկին նույն նպատակներով: