Եկել է Լեռնային Ղարաբաղի խնդրի իրական փոխզիջումային կարգավորման ժամանակը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայություններին տված բացառիկ հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը:
Անդրադառնալով նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմին, Ռիչարդ Հոգլանդն ասել է. «Մենք դեռ չենք հասել մի կետի, երբ միջազգային հանրությունը խաղաղապահների կամ տնտեսական օգնության միջոցով կարողանա երաշխավորել բռնության իսպառ վերացումը: Դա պետք է անեն հենց իրենք՝ առաջնորդները»:
Դեսպանի խոսքով, եկել է խնդրի իրական փոխզիջումային կարգավորման ժամանակը, որից կողմերը ոչ թե կկորցնեն այլ՝ յուրաքանչյուր կողմ կշահի. «Վերջ ի վերջո, դա երկու կողմերի առաջնորդների պատասխանատվությունն է՝ լրջորեն զբաղվել իրական խաղաղ բանակցություններով: Երբ դա տեղի ունենա, տարածաշրջանի համար կբացվեն բոլոր տեսակի հնարավորություններ՝ կապի, բեռնափոխադրումների զարգացման, մեկուսացման նվազման, առավել ձեռնտու տնտեսական պայմանների համար: Այնպես որ, երկրները անմիջապես կզգան այդ դրական հետեւանքները: Կզգան դրանք նաեւ ժողովուրդները»:
Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահն ավելացնում է, որ իր կարծիքով Վաշինգտոնին անհրաժեշտ է ավելի ակտիվ ներգրավվել խաղաղ գործընթացում. «Համաձայն եմ, որ մեզ անհրաժեշտ է փոքր-ինչ ավելի ակտիվ լինել սակայն, մենք ԱՄՆ-ի նոր վարչակազմի ամենավաղ շրջանում ենք: Այս նոր վարչակազմը դեռեւս նոր է մշակում իր արտաքին քաղաքական մոտեցումները եւ թիմը, այնպես որ, եկեք լինենք փոքր-ինչ համբերատար եւ տեսնենք, թե մոտ ամիսների ընթացքում այս ամենն ինչպես է զարգանում»: