Հայկական օրգանական արտադրանքի առաջին բեռնատարն ուղևորվեց դեպի ԱՄԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանում օրգանական և բնական միրգ-բանջարեղենից պատրաստված պահածոներով, մուրաբաներով և հյութերով բարձված բեռնատարն ուղևորվեց դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 5+ -աստղանի հյուրանոցներին մատակարարելու համար։
Բացառիկ պայմանագիրը «Թամարա Ֆրութ» և «Al Falaj» ընկերությունների միջև կնքվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի և գործընկեր կառույցի՝ Աբու Դաբիի Առևտրի պալատի կազմակերպած «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի ընթացքում։ Արաբական գործընկերն արդեն 15 կոնտեյներ հայկական օրգանական և բնական արտադրանք է պատվիրել։ Հայկական արտադրանքն արաբական երկրների հյուրանոցներում կտարածվի NOHF (Natural organic healthy food- բնական, օրգանական, առողջ սնունդ) մակնշմամբ:

Այսօր Հայաստանի զարգացման հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Ամեն Ավակ Ավակյանը, Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը և ՀՀ ՏԶՆ նախարարության Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանն այցելել են «Թամարա Ֆրութի» պահեստներ, հետևել արտահանման ընթացքին, գործարարի հետ քննարկել հնարավոր խնդիրներն ու աջակցման նոր ծրագրեր։

«Հիմնադրամը շարունակելու է գործունեությունն արտահանման զարգացման ուղղությամբ, քանի որ արտահանումը Հայաստանի տնտեսության լոկոմոտիվներից մեկն է»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«Համագործակցությանը էապես նպաստեց մարտին 22-ին Աբու Դաբիի ներդրումային համաժողովը՝ ՀՀ նախագահի մասնակցությամբ։ Այն բավականին արագացրեց գործընթացը։ Մարդիկ հավատացին, վստահեցին Հայաստանին»,- նշել է «Թամարա Ֆրութ» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը։
«Այս արտադրանքի և՛ որակը, և՛ գինը համապատասխանում է արաբական շուկայի պահանջներին ու գներին»,- նշել է «Ալ Ֆալաջ» ընկերության գործադիր տնօրեն Համադ Ալ Շահեյը։

«Սա Աբու Դաբիի համաժողովի ներդրումային համաժողովի տեսանելի արդյունքներից մեկն է, և շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ շարունակաբար քայլեր ենք իրականացնում։ ԱՄԷ հետ ապրանքաշրջանառության հարցերը պարբերաբար քննարկում են Սուրեն Կարայանը և իր ԱՄԷ գործընկերը»,- նշել է ՀՀ ՏԶՆ նախարարության Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը։

Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված «Հայաստան-ԱՄԷ» ներդրումային համաժողովը տեղի է ունեցել մարտի 22-ին, Աբու Դաբիում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ, և մեր երկրի ղեկավարի մասնակցությամբ։ Համաժողովին ներկայացվել են գյուղատնտեսության և անասնաբուծության, էներգետիկայի, առողջապահության և դեղագործության, ՏՏ, զբոսաշրջության, անշարժ գույքի ոլորտների վերաբերյալ շնորհանդեսներ, Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների հաջողված պատմություններ, ներդրումային մի շարք նախագծեր։ Մի շարք այլ պայմանավորվածություններ նույնպես ձեռք են բերվել։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս