Ի՞նչ կապ ունի Արգամ Աբրահամյանը Նորաշենի գյուղապետի դեմ իրականացված մահափորձի հետ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունն այսօր տեղեկացրեց, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի դեմ իրականացված մահափորձը բացահայտվել է. 4 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի անդամ, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը դժգոհ է եղել Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանից՝ քանի որ ապրիլի 2-ի ընտրություններում այս համայնքում ձայների շատ չնչին տարբերությամբ հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Թե ինչ կապ ունի վերը նշվածը գյուղապետի դեմ իրականացված մահափորձի հետ, դեռ պարզ չէ: Տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք Նորաշենի գյուղապետ, ՀՀԿ-ական Նորայր Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, ըստ որոշ տեղեկությունների, «Ծառուկյան» դաշինքի անդամ, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը գոհ չի եղել ձեզնից, որ գյուղում իր օգտին անհրաժեշտ ձայներ չեք ապահովել: Այս մասին ի՞նչ կարող եք ասել, համապատասխանո՞ւմ է իրականությանը:

-Ես ձեզնից եմ լսում, ես չգիտեմ նման բան, չեմ կարող ասել: Ես Հանրապետական կուսակցությունն եմ ներկայացնում, մեր համայնքի ՀՀԿ-ի տարածքային կազմակերպության նախագահն եմ, ես ինքս ընտրություններին սատարել եմ իշխանությանը: Թե ով ա գոհ, ով՝ դժգոհ, ես չգիտեմ:

-Դուք Արգամ Աբրահամյանի հետ ընտրություններից առաջ կամ հետո հանդիպե՞լ եք:

-Չէ, ես նման բան չեմ հիշում:

-Իսկ խոսակցություն եղե՞լ է, որ դուք պետք է իր օգտին անհրաժեշտ ձայներ հավաքեք:

-Ոչ, ոչ մի խոսակցություն չի եղել: Որտեղ իշխանությունը, որտեղ իմ ղեկավարությունը, որտեղ իմ գործող մարզպետը, այնտեղ` ես: Ես սատարել եմ իշխանությանը, իշխանության մի մասնիկն եմ, իշխանության հետ եմ եղել, ես ինքս Հանրապետական կուսակցությունից եմ: Մնացածը`ոչ մեկի հետ չեմ հանդիպել, ոչ մի բան չեմ ունեցել, չգիտեմ էլի:

-Պարոն Գրիգորյան, ոստիկանությունն այսօր հրապարակեց ձեր դեմ մահափորձ իրականացնելու մեջ կասկածվող անձանց լուսանկարները, տեսե՞լ եք նրանց լուսանկարները, ճանաչե՞լ եք:

-Հենց նոր կայքով տեսել եմ այդ նկարները, ես չեմ ճանաչում այդ մարդկանց:

-Բայց իրե՞նք էին դեպքի օրը ձեզ վրա կրակած անձինք: Դուք մեր զրույցում ասել էիք, տեսել եք կրակողների դեմքերը:

-Այո, հենց նույն անձինք են, ես նրանց դեպքի օրն եմ տեսել: Նրանցից ոչ մեկին չեմ ճանաչում:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, աշխատանքից տուն գնալու ճանապարհին, կրակել էին Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի մեքենայի վրա։ Մեքենան վարելիս է եղել նրա վարորդը, նույն համայնքի բնակիչ՝ Կարեն Ղազարյանը: Վերջինս հրազենային մի քանի վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հ.Գ. Ապրիլի 2-ի քվեարկության արդունքներով,  Նորաշեն գյուղում ՀՀԿ-ն հավաքել է 876 ձայն, «Ծառուկյան դաշինքը»՝ 802 ձայն: Այսինքն`պայքարը թեժ է եղել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս