
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում երեկ հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանը Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղից էր: Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Գագիկը ընտանիքի միակ զավակն էր, ապրում էր մոր հետ՝ համեստ պայմաններում:
«Շատ հաճելի, ընկերասեր, հայրենասեր, հասարակության կողմից սիրված երիտասարդ էր: Սովորում էր Գորիսի պետական համալսարանում»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Լիդա Եղիազարյան