Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ «Ռազմական հակամարտությունների զոհերը միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի հատման կետում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Համաժողովը կազմակերպվել է Հունգարիայի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների կողմից եւ ընթանալու է մայիսի 11-ին։
Ինչպես հայտնում են Արցախի ՄԻՊ աշխատակազմից, մինչ այդ, մայիսի 10-ին, Հայկական մշակութային կենտրոնում Մելիքյանը ճանաչողական հանդիպումներ է ունեցել Հունգարիայի հայկական ինքնավարության ղեկավարության, հայ համայնքի անդամների, ինչպես նաեւ Հունգարիայի խորհրդարանում հայկական ինքնավարության ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանի հետ, հարցազրույց է տվել Հունգարիայի հանրային ռադիոյով հեռարձակվող հայկական ինքնավարության հաղորդմանը։
Անդրադառնալով մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին՝ Ռ. Մելիքյանն ընդգծել է դրա պատճառական կապը Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունների հետ։ Մելիքյանը, մասնավորապես, նշել է, որ Սաֆարովի հերոսացումը ուղեկցվել է նրա հանցանքը երիտասարդների համար օրինակելի դարձնելու պետական խրախուսմամբ, ինչն իր դրսեւորումն է ստացել 2016 թվականի ապրիլին։ Մելիքյանը նշել է նաեւ, որ Արցախում հիշում են Հունգարիայի այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր բողոքի ձայն բարձրացրեցին Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ։