Արդեն հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ կրթական ոլորտին և ԿԳՆ-ին հանձնարարեց աշխատանք տանել դպրոցների օպտիմալացման շուրջ:
Վարչապետի հանձնարարականի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ:
-Պարո՛ն Բլեյան, կրթական ոլորտի շուրջ վարչապետն այսօր հանձնարարական տվեց, որը վերաբերում է նաև դպրոցների օպտիմալացմանը:
-Ես կարդացի նախարար Լևոն Մկրտչյանի խոսքը, որը լուրջ և շրջահայաց էր: Օրինակ, ընդամենը դպրոցների զարգացման ծրագրեր էր անում և դրա մեջ են դիտելու հարցերը: Լավ կլինի, որ մենք սովորողի աչքով նայենք, քանի որ շատ բաներ փոխվել են: Սովորողն ու ուսուցիչը ցանկանո՞ւմ են փոփոխություններ, ուրեմն` պետք է գնալ դրան:
-Այսինքն կո՞ղմ եք օպտիմալացմանը:
– Այդ բառը, որ դրվեց շրջանառության մեջ՝ օպտիմալացում, հաջող չէ ոլորտի համար: Պետք է մանկավարժությունից խոսել, դպրոցը զբաղվո՞ւմ է մանկավարժությամբ, ինչպես անել, որ դպրոցը զբաղվի մանկավարժությամբ: Մեր կյանքում պետք են փոփոխություններ: Անհրաժեշտություն ոչ միայն տեսնում եմ, այլև մեր կյանքը դանդալոշ իներցիոն ընթացքի մեջ է: Բայց ամբողջ հասարակական կյանքն է այդպիսին, որը շատ վտանգավոր է:
-Պարո՛ն Բլեյան, բայց այդ օպտիմալացումն, ի վերջո, բերվելու է աշխատետեղերի կրճատման, գործազրկության աճի…
-Առաջին հերթին պետք է լծվել ուսուցչի պաշտպանության գործին: Օպտիմալացում չի նշանակում, որ ուսուցիչը դառնում է ավելի անպաշտպան: Բայց կներեք, պետք է կրճատվեն էլ, գան նոր մարդիկ էլ: Բուհերը, որ ամեն տարի ավարտում են նոր անձինք, բա իրենք որտե՞ղ են աշխատելու:
Կան մարդիկ, ովքեր աշխատանք են փնտրում, այլ հարց է, որ նրանց աշխատավարձը ցածր է, և բարձրացնել է անհրաժեշտ: Այլ հարց է, որ նրանք ծանոթով են անցնում աշխատանքի, որ դպրոցները վերածվել են կալվածքների: Պետք է նաև քննարկումներ անցկացնել հենց ուսուցիչների շրջանում, լսել նրանց տեսակետները: