Մայիսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Պերուի նորանշանակ դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագան:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը դեսպան Չիմոյ Արտեագային հաջողություն մաղթեց իր կարևոր առաքելության մեջ: Հայաստանի ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ Պերուի դեսպանը կնպաստի աշխարհագրորեն հեռու, բայց բարեկամ պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը և համագործակցության նոր ուղիների բացահայտմանը:
Դեսպան Չիմոյ Արտեագան, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, իր հերթին նշեց, որ Պերուն Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ պետություն և ինքը մտադրված է քայլեր ձեռնակել՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար:
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգին, տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի: