Ինչ կտա դպրոցների օպտիմալացումը. Սերգո Երիցյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց քայլեր ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ:

Ի՞նչ կտա օպիտմալացումը դպրոցներին, դրա արդյունքում կրճատումներ չե՞ն լինի: Այս հարցի պատասխանը ստանալու համար ArmLur.am-ը զրուցեց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության ղեկավար, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանի հետ:

«Ամեն ինչ պետք է անել, որպեսզի ուսուցիչները երբեք չտուժեն, դպրոցին ավելի արդյունավետ կառավարման խնդիրներ տալ: Ավելի շատ աշակերտ ունեցող դպրոցները ֆինանսական և այլ առումներով ավելի հեշտ են կառավարել և ընդհակառակը: Պետք է մանրամասն ուսումնասիրել, հասկանալ, ընկալել: Ես չեմ կարծում, որ այստեղ խոսքը կրճատումների մասին է»,- ի պատասխան մեր հարցադրմանն ասաց Երիցյանը:

Նրա խոսքով՝ օպտիմալացումը կարող է նպաստել ուսումնական գործի արդյունավետությանը. «Փոքր դպրոցներ կան, որոնք աշակերտ չունեն, կան դպրոցներ որոնք գերբեռնված են, ունեն երկրորդ հերթ: Ինչ-ինչ չափանիշների կիրառում է անհրաժեշտ, որը հնարավորություն կտա նվազեցնել դպրոցների որոշակի ծանրաբեռնվածությունը: Դպրոցական գործի կազմակերպումն ու կառավարումը ավելի լիարժեք կլինի: Դա կարող է նպաստել ուսումնական գործընթացի արդյունավետ կառավարմանն ու կազմակերպմանը»:

Այն հարցին` արժե՞ր սկսել օպտիմալացումից, այլ խնդիրներ չկա՞ն կրթության ոլորտում, Երիցյանն ասաց. «Խնդիրներ միշտ կան, գոյություն ունեն կրթական համակարգում, դրանք, այսպես թե այնպես, իրականացվում են»:




Լրահոս