«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանական խնձորի ներկրման գործով ՊԵԿ պաշտոնյաներ են կալանավորվել, և այս պատմությունը կարող է հետաքրքիր շարունակություն ունենալ: Ընդ որում, ուշագրավն այն է, որ մաքսանենգ, ՊԵԿ աշխատակիցներին կաշառելու ճանապարհով ապրանք ներկրելը Բագրատաշենի անցակետում սովորական երևույթ է՝ սկսած Արմեն Ավետիսյանի ՊԵԿ նախագահ աշխատած ժամանակներից: Եվ այս դեպքն այդքան հնչեղություն չէր ստանա, եթե ապրանքը չլիներ ադրբեջանական ծագման մասին հավաստող տուփերի մեջ:
Մեզ հասած տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը որոշել է «ադրբեջանական խնձորի գործը» իր վրայից մաքրելու համար հասարակ տեսուչների պատժել այն դեպքում, երբ այդ անցակետում կատարվող անգամ ամենաչնչին տեղաշարժից ՊԵԿ նախագահը տեղյակ է: Վերջին տարիներին ԵՄ դրամաշնորհով գերհագեցած տեխնիկական սարքավորումներով հիմա հնարավոր է ամեն ինչ տեսնել Երևանում։ Այսինքն՝ ադրբեջանական խնձորն ու օրինական և ապօրինի մնացած ապրանքներն արդեն մի քանի տարի շարունակ անցնում են Բագրատաշենի անցակետը Երևանի ՊԵԿ կենտրոնական գրասենյակում հետևող աչքի առաջ։