Պետք է հեշտացնել կառուցապատման աշխատանքների փաստաթղթային գործընթացները. ավագանու անդամ Գրիգոր Մինասյան. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» զրուցակիցն է Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ավագանու թեկնածու Գրիգոր Մինասյանը։

– Պարո′ն Մինասյան, Դուք կրկին ցանկանում եք լինել Երեւանի ավագանու կազմում։ Ինչու՞, ի՞նչ եք արել նախորդ ժամանակահատվածում եւ ի՞նչ եք պատրաստվում անել հիմա։

– Քաղաքապետի հանձնարարությամբ անձամբ ես մշակել եմ հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված ավտոկայանատեղ հատկացնելու մասին ավագանու որոշման նախագիծը։ Բացի այդ, մեր թիմի կազմում մասնակցել եմ Երեւանի ավագանու բազմաթիվ որոշումների մշակմանն ու ընդունմանը, որոնց արդյունքում էլ Երեւանը վերջին տարիներին այսքան բարեկարգվել է ու զարգացել։

Հիմա էլ կուզեի լինել ավագանու կազմում, քանի որ կան մի շարք կոնկրետ օրենսդրական աշխատանքներ, որոնք կիսատ են մնացել։ Որպես իրավաբան կուզեի անձամբ գրել Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքը, որը կօգնի պահպանել Երեւանի ճարտարապետական դիմագիծը։ Կուզեի ավելի բարելավեինք համատիրությունների վերաբերյալ օրենսդրությունը։ Նպատակներիցս մեկն էլ կառուցապատման բոլոր փաստաթղթային գործընթացների հեշտացումն է թե՛ ներդրողների եւ թե՛ մեր բնակիչների համար։

– Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում ներկայացված ՀՀԿ ցուցակում կրկին ընդգրկված են գրեթե նույն մարդիկ, որոնք ցանկանում են վերընտրվել։ Նրանցից շատերը բազմաթիվ խոստումներ են տվել, բայց ոչինչ չեն արել։ Չե՞ք կարծում, որ ժողովուրդը չի հավատում մի ամբողջ շրջան անգործության մատնված մարդկանց, որոնք միայն քաղաքապետի որոշումները հաստատողի կարգավիճակ ունեն։

– Չեմ կարող համամիտ լինել Ձեր որակումների հետ։ Պետք է ասեմ, որ վերջին չորս տարիներին այնքան աշխատանք է կատարվել, որոնք նկատելի են անգամ անզեն աչքով։ Բազմաթիվ դրական ու գեղեցիկ բաներ են ստեղծվել Երեւանի ու երեւանցիների համար։ Գրեթե բոլոր բակերը բարեկարգված են, ճանապարհները ասֆալտապատված, քաղաքը մաքուր ու ծաղկաշատ, նոր այգիներ, պուրակներ, հուշարձաններ, հազարավոր մարդկանց տրված օգնություն։ Այսքան կատարված աշխատանքը անտեսելն ու երբեմն անհիմն քննադատություններ հնչեցնելը կարծում եմ ճիշտ չէ։

– Տրանսպորտի խնդիրը Երեւանում վերջնականորեն կարգավորված չէ։ Դժգոհությունները բազմաթիվ են հատկապես ծայրամասային հատվածներում բնակվող քաղաքացիների կողմից։ Ի՞նչ է արվելու այս ուղղությամբ։

– Այս հարցում կարող եմ մասամբ համաձայնվել Ձեզ հետ։ Մենք ընդունում ենք, որ վերջին տարիներին միակ մեծ խնդիրը, որը լիարժեք կարգավորում չի ստացել՝ հենց քաղաքային տրանսպորտի հարցն է։ Այս ուղղությամբ ուսումնասիրվել է միջազգային փորձը, որոշակի առաջընթաց արդեն իսկ կատարվել է ավտոբուսների պարկի ներմուծման եւ թարմացման ուղղությամբ, բայց դեռ շատ անելիք կա ու հենց այդ ամենը անելու համար էլ մենք երեւանցիներից խնդրում ենք վստահության եւս մեկ հնգամյակ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս