Երեկ կաշառք ստանալու պահին Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ձերբակալվեց 2008 թվականից մինչ օրս նշյալ դատարանի դատավոր Լեւոն Արազյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ձերբակալությունից հետո դատարանում մեծ խառնաշփոթ է առաջացել, եւ դատարանում չեղյալ են հայտարարվել բոլոր դատական նիստերը:
Այն, որ դատական համակարգում արձանագրված կաշառակերության բացահայտման դեպքերից դատավորները դասեր չեն քաղում, փաստ է: Սա առաջին դեպքը չէ, որ ազգային անվտանգության ծառայությունը կաշառքի համար դատավոր է ձերբակալում: 2014 թվականին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը 20 հազար դոլար կաշառքի համար ազատազրկման դատապարտվեց 8 տարի ժամկետով, սակայն որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում եւ գործով դատական նիստերը դեռ շարունակվում են: 2016 թվականին 1000 դոլար կաշառք վերցնելու համար կալնավորվեց նաեւ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:
Ու թեեւ դատավորների կողմից վերցվելիք կաշառքի սակագները գնալով իջնում են՝ 20 հազարից դառնալով 1000, ապա 600 ԱՄՆ դոլար, այնուամենայնիվ, երեւույթը դեռ արմատախիլ չի արվում:
Երեկ Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում 600 ԱՄՆ դոլար կաշառքի համար ձերբակալվեց դատավոր Լեւոն Արազյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատավոր Արազյանի ձերբակալվելուց հետո դատարանում իրարանցում է սկսվել: Դատարանում ժամը 15:00-ից հետո նշանակված բոլոր դատական նիստերը չեղյալ են հայտարարվել:
Իսկ ո՞ր գործի համար է դատավորը կաշառք վերցրել: Ըստ ազգային անվտանգության ծառայության՝ քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել եւ անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար:
Նկատենք, որ 2017 թվականին Լեւոն Արազյանին մակագրվել է 23 քրեական գործ: Դրանցից երկուսով օրերս դատավորը վճիռ է կայացրել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 4-ին Լեւոն Արազյանը քննել է Անուշավան Հակոբյանի գործողությունների մասով հարուցված քրեական գործը , որին մեղադրանք է առաջադրված եղել այն բանի համար, որ երեք ամսից ավելի չարամտորեն խուսափել է դատարանի վճռով իր երեխային ապրուստի միջոցներ վճարելուց: Այս գործով Լեւոն Արազյանը 2017 թվականի մայիսի 4-ին կայացրել է դատավճիռ:
Մյուս գործը, որով մայիսի 5-ին վճիռ է կայացրել դատավորը, կապված է Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչներից մեկի հետ: Ինչպես պարզեցինք՝ Գրիգոր Շամասուրյանը, իր անձնական օգտագործման «Լեքսուս» մակնիշի 05 OL 578 հաշվառման համարանիշի ավտոմեքենան 1.800 ԱՄՆ դոլարով վաճառել է Արթուր Նիկողոսյանին: 2016 թվականի դեկտեմբերի սկզբներից սկսած Գրիգոր Շամասուրյանը Արթուր Նիկողոսյանից պահանջել է պարտք մնացած գումարը, սակայն վերջինս պատճառաբանել է, որ գումար չունի, ժամանակ է խնդրել: Գրիգոր Շամասուրյանը ենթադրելով, որ Արթուր Նիկողոսյանը խաբում է իրեն, գնացել է Նիկողոսյանի տան բակ, տարել է այնտեղ կայանված իր մեքենա եւ ես մեկ այլ մեքենա:
Այս արարքի համար Գրիգոր Շամսուրյանին մեղադրանք է առաջադրվել 322 հոդվածի առաջին մասով՝ ինքնիրավչության համար, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Ինչպես արդեն նշել էինք՝ այս գործով վճիռը հրապարակվել է մայիսի 5-ին, սակայն դեռեւս հայնտի չէ, թե ինչ որոշում է կայացրել դատավորը: Իսկ թե ինչ որոշում է կայացրել, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը, անդրադառնալով իր ղեկավարած դատարանում ստեղծված իրավիճակին, հայտնեց, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում, եւ, առհասարակ, այնպիսի հոգեբանական վիճակում է, որ որեւէ բան չի կարող ասել. «Որեւէ կարծիք չեմ կարող հայտնել, Դուք նախ պետք է հասկանաք, թե ինչ հոգեկան վիճակի մեջ եմ, իմ վիճակը հասկացեք, չգիտեմ, թե ինչ է եղել»:
Քնար Մանուկյան